Ընտրություններին ընդառաջ RFI-ն գործարկել է հայալեզու բաժին

Ներկայացնում ենք Ֆրանսիայի միջազգային ռադիոյի կայքում հրապարակված RFI launches Armenian-language desk targeting youth and disinformation հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ժան-Բապտիստ Բրին
Ֆրանսիայի միջազգային ռադիոն (Radio France Internationale-RFI)-ն մայիսի 25-ին գործարկել է հայալեզու լրատվական բաժին, որը դարձավ RFI-ի 18-րդ լեզվական ծառայությունը:
Ութ լրագրողներից բաղկացած թիմի հիմնական առաքելությունը երիտասարդ լսարանին հասնելն է՝ բացառապես թվային հարթակների միջոցով։
Նոր ծառայությունը, որը կամրապնդի France Médias Monde-ի միջազգային ներկայությունը, բովանդակություն կմատուցի բացառապես արեւելահայերենով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով։ Առաջնահերթությունը տրվելու է սոցիալական մեդիայի հարթակներին, մասնավորապես՝ Instagram, Facebook եւ TikTok-ին։
Խոսել երիտասարդների հետ
«Հայ երիտասարդները, ինչպես աշխարհի երիտասարդների մեծ մասը, մշտապես առցանց են։ Ավանդական լրատվամիջոցները հետին պլան են մղվել։ Եթե ցանկանում ենք հասնել այդ լսարանին, պետք է օգտագործենք սոցիալական մեդիայի հնարավորությունները», – նշել է ծառայության գլխավոր խմբագիր Աստղիկ Հակոբյանը։
Թիմի հիմնական նպատակը նորարարական ձեւաչափերով նորություններ ներկայացնելն է եւ փաստերի ստուգումը՝ Հայաստանում գործող թղթակիցների աջակցությամբ։
Լրագրող Լիլիթ Շահվերդյանը, որը ծննդով Լեռնային Ղարաբաղից է, մայիսի վերջից կաշխատի Հայաստանում՝ տեղում լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Նա այս նշանակումը բնութագրել է որպես «երկնքից իջած պարգեւ»։
 
Ընտրություններ եւ ապատեղեկատվություն
Առաջիկա ընտրությունները նորաստեղծ բաժնի առաջին լուրջ փորձությունն են լինելու։ Վերջին տարիներին Հայաստանը գտնվում է տարածաշրջանային լարվածության կիզակետում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո, իսկ ընտրական գործընթացն արդեն իսկ ռուսական ապատեղեկատվական արշավների թիրախում է։
Ինչպես անցյալ ամիս Հունգարիայում, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հեռանկարը առանցքային թեմաներից է, ինչին Մոսկվան հակադրվում է։
Փաստերի ստուգումը լինելու է նոր ծառայության գործունեության հիմնասյուներից մեկը։ Աստղիկ Հակոբյանի խոսքով՝ ապատեղեկատվությունը հատկապես արագ է տարածվում այն լսարանների շրջանում, որոնք միշտ չէ, որ բավարար պատրաստվածություն ունեն կեղծ տեղեկությունները տարբերակելու համար՝ հատկապես մեդիա դաշտի խոցելիության պայմաններում։
Բաժնի նպատակն է ոչ միայն ստուգված տեղեկատվություն տրամադրել, այլեւ լսարանին զինել այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են կեղծ լուրերը բացահայտելու համար։
Մամուլի ազատության փոփոխվող պատկերը
Նոր ծառայության մեկնարկը տեղի է ունենում մամուլի ազատության ցուցանիշների անկման ֆոնին։ Նախկին լրագրող, ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց էր արձանագրել մամուլի ազատության ոլորտում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018 թվականի ինդեքսում զբաղեցրած 80-րդ հորիզոնականից բարձրանալով մինչեւ 34-րդ տեղը 2025 թվականին՝ այդ ցուցանիշով 9 հորիզոնականով առաջ անցնելով Ֆրանսիայից։ Սակայն այս տարի երկիրը նահանջել է մինչեւ 50-րդ հորիզոնական։
Ծառայության՝ բացառապես արեւելահայերենով գործելու որոշումը պատահական չէ։ Աշխարհում ապրող շուրջ 12 միլիոն հայերից միայն մոտ 3 միլիոնն է բնակվում Հայաստանի Հանրապետությունում։ 
Սփյուռքի տարբեր համայնքներ սերունդների ընթացքում ձեւավորել են լեզվական ու բարբառային առանձնահատկություններ, ինչի հետեւանքով արեւելահայերենը համընդհանուր կիրառություն չունի։ 
«Մեր նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ անմիջական հաղորդակցությունն է», – նշել է Աստղիկ Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծառայությունը կհետաքրքրի նաեւ սփյուռքի լսարանին։ 
Թիմի անդամ Ծովինար Բանուչյանի համար, որն արվեստի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում դոկտորի աստիճան ունի եւ շուրջ տասնվեց տարի ապրել է Ֆրանսիայում, այս նախաձեռնությունը նաեւ անձնական նշանակություն ունի։ Տեսանյութերի պատրաստմամբ զբաղվող Բանուչյանը ծառայությունը դիտարկում է որպես «Հայաստանին մոտ լինելու» հնարավորություն։ 
Թարգմանությունը՝ Դիանա Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment