Ռուբեն Վարդանյանը, երրորդ տարին է, Բաքվում է «նշում» տարեդարձը․ այսօր նա 58 տարեկան դարձավ

Բաքվի բանտում գերության և պատանդառության մեջ գտնվող և կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն այսօր բոլորեց իր կյանքի 58-րդ տարին։

Ադրբեջանական բանտում սա հայ բարերարի կյանքի արդեն երրորդ տարին է, իսկ նրա ապագան՝ անորոշ։ Հայ բարերարը նախանձախնդրորեն ցանկանում էր, որ Հայաստանը ևս լինի հաջողակ ու զարգացած երկրների շարքում և 2000 թվականից սկսած ընտանիքի և ընկերների հետ  Հայաստանում կատարել է 700  մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցնելով գրեթե 700 ծրագիր` փոքր նախագծերից մինչև ծանրակշիռ մեգանախագծեր:

 

Նրա նախաձեռնության ու ներդրումների շնորհիվ իրականություն դարձան «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը, Դիլիջանում UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնումը,  գաղափարակից ընկերների՝  Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի  հետ  հիմնեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը՝   ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու  նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց: Վարդանյանի նախաձեռնությամբ վերականգնվել  են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող  հայկական մշակութային և հոգևոր ժառանգության  շուրջ երկու տասնյակ հուշարձաններ՝  սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադե վանքը։

«Վաղուց  արդեն ես ու Վերոնիկան հայտարարել էինք, որ մեր ունեցվածքի 90%-ը չենք թողնելու մեր երեխաներին, այլ ծախսելու ենք աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- մի առիթով հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։ Բայց ճակատագիրը այլ ապագա էր կանխորոշել նրա համար և քանի դեռ նա իր հարազատների հետ պայքարում է ազատության և հայրենիք վերադառնալու համար, աշխարհում բարին էլ չի շատանում՝ կարծես թե կրկնելով Ռուբեն Վարդանյանի այսօրվա անկարող ներկան։

 

Մեծ բարերարի ծննդյան առիթով MediaHub-ը զրուցել է Ռուբեն Վարդանյանի կուսակից-ընկեր, հանուն նրա ազատության ժամանակին հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի հետ, որի համար մեծ հայի հետ աշխատելը մեծագուն պատիվ է եղել։

«Հպարտ եմ, որ ճակատագիրն ինձ պարգևել է Ռուբեն Վարդանյանի նման մեծության հետ հանդիպելու և նրա հետ աշխատելու պատիվը։ Ռուբենը մեծ հայ է՝ անդավաճան հայրենասեր, հայկականության պաշտպան ամբողջ աշխարհում։ Իր միտքը, տաղանդը, հեղինակությունն ու կյանքի ամբողջ ընթացքը նա նվիրեց հայրենիքին՝ Հայաստանի զարգացմանը, Արցախի զորացմանը, կրթության զարգացմանն ու մարդասիրական արժեքների պաշտպանությանը։ Եվ նրա միակ «մեղքը» հենց այդ անսահման նվիրումն է, որի համար ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում»։

Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ անգամ գերության մեջ Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ ազատ մարդու ամենավառ խորհրդանիշը և իր տոկունությամբ, մաքուր խղճով, հավատով ու անկոտրում կամքով նա ամեն օր արժանապատվության դասեր է տալիս մեզ։ 

«Ես չեմ դադարելու խոսել, պայքարել ու պահանջել, մինչև Ռուբենը և մեր բոլոր գերիները չվերադառնան հայրենիք»,- իր խոսքը եզրափակեց նա։

Leave a comment