Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրումը

Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչեւ հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար։ 
Արտոնություններից կարող են օգտվել.
•    տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
•    տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
•    Հայաստանի օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող եւ ներքոնշյալ խմբերի երեխաները՝
     ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
     խնամակալության տակ գտնվող երեխաները
     հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:
Արտոնությունից կարող են օգտվել նաեւ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչեւ առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8–ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկել է դիմում եւ համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։ 
Դիմումը եւ տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։ ԿՏԱԿ-ը վերը նշված ժամկետում՝ հունիսի 8–21–ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։ 
Փուլ երկրորդ  
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ 
Հայտագրում կիրականացվի նաեւ այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որեւէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաեւ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։
Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաեւ այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաեւ ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, եւ  երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝  ծնողների ընտրությամբ։ 
Երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։ 
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ եւ բացեք օգտատիրոջ էջը: 
Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում եւ https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: 
Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաեւ դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է եւ հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։ 

Leave a comment