Կրեմլը հաշվի է առնում Փաշինյանի հայտարարությունները, որ հակառուսական հռետորաբանություն թույլ չեն տա. Պեսկովը՝ Ռուբիոյի ՀՀ այցի մասին

Քաղաքականություն

25.05.2026 | 15:43

Կրեմլը հաշվի է առնում պաշտոնական Երևանի հայտարարությունները, որ հակառուսական արտահայտություններ Հայաստանում թույլ չեն տա, բայց տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց են համարում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վերջերս մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ  Միրզոյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Միևնույն ժամանակ, տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցը։

Պեսկովը հիշեցրել է, որ Փաշինյանը վերջերս այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։

«Այնուհետև վարչապետն ասաց, որ Հայաստանը կմնա ԵՏՄ լիիրավ անդամ, բայց միևնույն ժամանակ զարգացնում է իր հարաբերությունները արտաքին քաղաքականության այլ ոլորտներում, մասնավորապես, Եվրոպայի հետ։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են, և մենք շարունակում ենք երկխոսությունը։ Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք լիովին աջակցում են Ռուսաստանի զարգացման վեկտորին և կենտրոնանում Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներում հետագա, ավելի խորը մասնակցության վրա։ Մենք, անշուշտ, գնահատում ենք այս մոտեցումը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment