Տավուշի մարզում 2021 թվականին մեկնարկած հանրակրթության պետական նոր չափորոշիչի փորձարկումը փուլային կերպով տարածվել է ամբողջ հանրապետությունում՝ նույն տրամաբանությամբ: 2026-2027 ուսումնական տարում նոր չափորոշիչով կսովորեն նաև տասներկուերորդ դասարանի աշակերտները, ինչով պայմանավորված՝ չափորոշիչի ամբողջական ներդրման գործընթացը կհամարվի ավարտված:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նկատեց, որ սկզբնական փուլում նոր չափորոշիչով ուսուցումը ներդրվել է երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարաններում, այնուհետև գործընթացը շարունակական է եղել՝ նույն սովորողների հետ առաջ շարժվելով հաջորդ դասարաններ:
2023 թվականից նոր մոտեցումը սկսեց կիրառվել ամբողջ հանրապետությունում: Այս ուսումնական տարում գործընթացին միացել են նաև առաջին, չորրորդ, իններորդ և տասնմեկերորդ դասարանները:
Ըստ ծրագրի՝ 2026-2027 ուսումնական տարում նոր չափորոշիչով կսովորեն նաև տասներկուերորդ դասարանի աշակերտները, ինչի շնորհիվ հանրակրթության պետական նոր չափորոշիչի ամբողջական ներդրումը կհամարվի ավարտված:
Չափորոշիչի կարևոր բաղադրիչներից մեկը դասագրքային քաղաքականությունն է․ դասագրքերի մի մասի համար մրցույթները հայտարարվել են նախորդ փուլերում, և ներկայումս տասներկուերորդ դասարանի մի շարք դասագրքեր արդեն պատրաստ են: Մյուս մասի համար մրցույթները հայտարարված են և առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ դասագրքերի համար է հայտ ներկայացվել և կմեկնարկի փորձաքննության գործընթացը, որոնց համար նոր մրցույթներ կհայտարարվեն: Մեր նպատակն է ապահովել, որպեսզի մինչև սեպտեմբեր բոլոր անհրաժեշտ դասագրքերը լինեն երաշխավորված, տպագրված դպրոցներում հասանելի:
«Վերջին տարիներին իրականացված մի շարք ուսումնասիրությունները վկայում են կրթական համակարգում արձանագրված դրական տեղաշարժերի մասին: 2024-2025 թվականներին իրականացված գնահատումները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից իրականցված վերլուծությունը, ցույց է տվել չափորոշիչի ներդրման երկու տարվա արդյունքում կրթության որակի զգալի փոփոխություն՝ Տավուշի մարզի հետ այլ մարզի տվյալների համեմատությամբ:
Կարևոր են նաև միջազգային գնահատումների արդյունքները: TIMSS-2023 միջազգային ստուգատեսի տվյալները հրապարակվեցին 2024 թվականի դեկտեմբերին՝ ցույց տալով, որ Հայաստանի սովորողների արդյունքները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել են բոլոր ուղղություններով, հատկապես մաթեմատիկա առարկայից: Այդ ստուգատեսի կարևոր ցուցանիշներից էր նվազագույն շեմը հաղթահարած աշակերտների զգալի աճը»,-նշեց Թամարա Սարգսյանը:
Դրական միտումներ էին արձանագրվել նաև կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ընթերցանության ստուգումների ընթացքում. սահուն ընթերցող և կարդացածի վերաբերյալ հարցերի պատասխանող երեխաների թիվն աճել էր:
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ կրթական բարեփոխումները կարճաժամկետում արագ արդյունքներ չեն ապահովում, և հիմնական փոփոխությունները կատարվում են տևական ժամանակի ընթացքում:
Այս ուսումնական տարում առաջին անգամ հանրապետությունում կիրականացվի չորրորդ դասարանի սովորողների արտաքին գնահատում: Նախկինում չորրորդ դասարանի աշակերտները ուսումնական տարվա ավարտից հետո մայրենի և մաթեմատիկա առարկաններից հանձնել են ավարտական ամփոփիչ աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա ձևավորվում էր նրանց ավարտական գնահատականը:
Նոր կարգավորմամբ տարրական դպրոցում սովորողները միավորային գնահատականներ չեն ստանում: Չորրորդ դասարանի ավարտին յուրաքանչյուր սովորողի համար ձևավորվում է բնութագիր, որն արտացոլում է տարբեր առարկաներից վերջնարդյունքների յուրացման մակարդակը:
Միաժամանակ, ուսումնական տարվա ընթացքում՝ մայիս ամսին (օրը նախապես կհրապարակվի) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կկազմակերպվի արտաքին գնահատում, որի ընթացքում մեկ միասնական թեստով սովորողները կկատարեն «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներին վերաբերող առաջադրանքներ:
Նշվում է որ արտաքին ստուգումը չի գնահատվելու, դրա արդյունքները չեն հրապարակվելու և որևէ ազդեցություն չեն ունենալու երեխաների բնութագրերի ձևավորման վրա: Արտաքին գնահատման հիմնական նպատակը պետության կողմից հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման արդյունավետության գնահատումն է:
Հայաստանը նաև 2025 թվականին մասնակցել է PISA միջազգային հետազոտությանը, որի արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի սեպտեմբերին: Այդ արդյունքները կլինեն կարևոր ելակետ, քանի որ հետազոտությանը մասնակցել են հիմնականում իններորդ դասարանի աշակերտները, որոնք սովորում էին նախկին չափորոշիչով:
Կրթական համակարգը Հայաստանում իրավական տեսանկյունից ամբողջությամբ ներառական է: Ներառական կրթությունն ապահովվում է նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում: 2025 թվականի տվյալներով՝ դպրոց է հաճախում 9000, մանկապարտեզ՝ ավելի քան 1700 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Սա պայմանավորված է ինչպես ֆինանսական աջակցությամբ՝ նախադպրոցական կրթության վճարների ամբողջական փոխհատուցմամբ, այնպես էլ ծնողների հետ տարվող իրազեկման և աջակցության աշխատանքներով:
Յուրաքանչյուր երեխայի համար դպրոցին հատկացվում է խելամիտ հարմարեցումների ֆինանսավորում, որը կարող է օգտագործվել անհրաժեշտ սարքավորումների, ծրագրերի հարմարեցումների համար:
2025 ուսումնական տարին հռչակվել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Տարվա ընթացքում իրականացվել են թեմատիկ միջոցառումներ, ճանապարհային անվտանգությունից մինչև կիբեռանվտանգություն, բուլինգի կանխարգելում և թմրամիջոցների դեմ պայքար: Կազմակերպվել են ուսուցիչների, աշակերտների և նախադպրոցական մասնագետների համաժողովներ, մշակվել և դպրոցներին տրամադրվել է անվտանգության ուղեցույց:
Իններորդ դասարանում ներդրվել է նաև ավարտական քննությունների նոր մոտեցում: Հայ գրականություն և Հայաստանի պատմություն առարկաներից իրականացվելու է միասնական ինտեգրված էսսե, որի նպատակն է ստուգել ոչ թե առանձին գիտելիքները, այլ սովորողների վերլուծական, համադրական կարողությունները, արժեքայի մոտեցումները, դրանք հիմնավորելու կարողությունները:
Մյուս փոփոխությունը վերաբերում է 9-րդ դասարանում բնագիտական առարկաներից նախագիծ ընտրելու հնարավորությանը: Երեխաները կարող են ընտրել թեստով, կամ ինտեգրված քննական նախագծով ամփոփիչ աշխատանքի ձևը: Մյուս առարկաների դեպքում քննությունների ձևերը նույնն են, իսկ բովանդակությունը, բնականաբար, համապատասխանեցված է չափորոշիչով սահմանված վերջնարդյունքները ստուգելուն:
«Տասներկուերորդ դասարանի ավարտական և միասնական քննություններն այս տարի կիրականացվեն նույն կարգով, քանի որ այդ դասարանի աշակերտները շարունակում են սովորել հին չափորոշիչով»,- եզրափակեց Թամարա Սարգսյանը: