Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին

Քաղաքականություն

25.05.2026 | 12:20

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ լիազորությունների ավարտից առաջ, գրում են սերբական լրատվամիջոցները։

«Այսպիսով, հնարավոր է, որ ես շուտով հրաժարական տամ»,- Պեկինում լրագրողներին ասել է Վուչիչը։

Նա նաև ասել է, որ որոշ հավաքներ, օրինակ՝ Սլավիայում ուսանողական բողոքի ակցիաները, հստակ մտացված բովանդակություն չունեն։

Մայիսի 24-ին հազարավոր մարդիկ «Ուսանողները հաղթում են» կարգախոսով դուրս են եկել Բելգրադի փողոցներ՝ կառավարության դեմ բողոքի ակցիայի։ Ցուցարարները պահանջել են արտահերթ ընտրություններ և կառավարության հրաժարականը։

Բողոքի ցույցի մասնակիցները լցրել են Սլավիա հրապարակը, որը Սերբիայի մայրաքաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկն է։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։

Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտնել է 23 մարդու ձերբակալության մասին: Նա նաև ասել է, որ բախումների ժամանակ ոստիկաններ են վիրավորվել։ Հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ գնահատականները տարբեր են: Ոստիկանությունը հայտնել է մոտավորապես 34,000 մասնակցի մասին, մինչդեռ կազմակերպիչները նշել են 100,000 ցուցարարի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment