Իշխանանիստ Հալիձոր բերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մեր ստեղծագործական խումբը Հալիձոր բերդի Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտագնացություն կատարեց 2026 թ. մայիսի 18-ին…

Եկեղեցուն անդրադառնալուց առաջ փորձենք պարզաբանել մեկ հարց՝ թեմային ուղղակիորեն առնչվող։

Թյուրիմացություն կա Դավիթ Բեկի իշխանանիստ Հալիձորի տեղագրության հարցում։

Ղևոնդ Ալիշանը սխալմամբ Դավիթ Բեկի աթոռանիստ և 1727 թ. Հալիձորի ճակատամարտի վայր է համարում Գորիսի տարածաշրջանում գտնվող Հալիձոր գյուղը։

Մինչդեռ՝ խոսքը Բաղք-Աճանան գավառում, Ողջի գետի զառիթափ աջ ափին, ներկայումս Կապան քաղաքի արևմտյան ծայրամասում գտնվող Հալիձորի մասին է՝ հիշատակված Տաթևի վանքի նոր հարկացուցակում։

Նախասովետական շրջանում հայտնի է պղնձաձուլարանով, որ պատկանում էր Բեխ գյուղի Մելիք-Փարսադանյաններին։

Տեղացիները բնակավայրը կոչել են նաև Երամադան (վերևի hանդ, Կապանը համարելով ներքևի հանդ)։

***

Այդտեղ է գտնվել Հալիձորի կուսանաց անապատը. 1668 թվականին ունեցել է 70 միանձնուհի։ Կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսում, որի մասին հիշատակում է Դավիթ Բեկի պատմության հեղինակ Ստեփանոս Շահումյանը։

Վանքը, որի տարածքում գործել է կուսանաց անապատը, կոչվել է Սուրբ Հակոբ կամ Սուրբ Աստվածածին։

18-րդ դարի 20-ական թվականներին՝ վերակառուցելու միջոցով, այն դարձել է ամրոց։

***

17-րդ դարի առաջին կեսում կառուցված կուսանաց անապատի տեղում, ինչպես նշեցինք, Դավիթ Բեկը 18-րդ դարի 20-ական թվականներին կառուցել է բերդ, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա առաջնորդած ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։

Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով։

Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ 1 մետր։

Միակ, կլոր բուրգն ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։

Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։

Հալիձորի բերդի պաշտպանական համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այդտեղ հանգրվանած Դավիթ Բեկին՝ իր ոչ այնքան մեծաթիվ զինակիցներով, դիմադրել թուրքական բանակի հարձակումներին։

Ամրոցի վերակառուցման ժամանակ՝ պաշտպանական նկատառումներով, եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերջին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից թշնամուն գնդակոծելու համար։

Ամրոցի հյուսիսային կողմում է 17-րդ դարում կառուցված սեղանատունը։

Արևմտյան պարսպին կից միաբանության խցերի հետքերն են։

Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, ենթադրվում է, կառուցվել է ավելի վաղ։

Հալիձորի բերդը, անշուշտ, ունեցել է նաև գաղտնուղիներ, որոնց տեղագրությունը դեռևս բացահայտված չէ։

***

Համալիրում, ինչպես նշեցինք, թե՛ տեղադրությամբ և թե՛ չափսերով գերիշխողը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։

Կառուցվել է 17-րդ դարում, վերակառուցվե՝լ 1723 թվականին։

Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով։

Ուղղանկյուն հատակագծով թաղածածկ դահլիճ է, արևելյան խորանի աջ և ձախ կողմերում՝ զույգ ավանդատներով։

Աղոթասրահի վրա բարձրանում է զանգակատունը։

Եկեղեցին գավիթ չունի։

***

Երկու ավանդազրույցի՝ կապված Դավիթ Բեկի գերեզմանի հետ, առանձին անդրադառնալու կարիք կա։

Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից շինության ներսում կա չորս տապանաքար։

Ավանդազրույցներից մեկն ասում է, թե տապանաքարերից մեկի տակ հանգչում է Զորավարի աճյունը։

Ասվում է նաև՝ Դավիթ Բեկի գերեզմանաքարի վրա միայն մի ծաղիկ կա քանդակված, այն էլ՝ երեսով դեպի հողը շրջված, որպեսզի թշնամիները չկարողանան ճանաչել և ոսկորները հանել ու ցաքուցրիվ անել։

Ավանդազրույցներից մյուսի համաձայն՝ Դավիթ Բեկի գերեզմանը գտնվում է եկեղեցուն կից դամբարանում։ Խոսքը եկեղեցուց հյուսիս գտնվող գմբեթածածկ շինության մասին է (ուղղանկյուն հատակագծով, չորս մույթով)՝ կառուցված 17-րդ դարում, որտեղ հետագայում հողին է հանձնվել Դավիթ Բեկ զորավարի աճյունը։

***

Հալիձորի բերդ և Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելողները պետք է իմանան նաև՝ Դավիթ Բեկն այդտեղ դրամ է կտրել, որի մի երեսին դրոշմված է եղել Պարսից Թամրազ շահի անունը, մյուսում՝ իրենը՝ «Քրիստոսի ծառա Դավիթ» մակագրությամբ։

***

2006-2009 թթ. բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ։

Վերականգնվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան, հարավային մուտքերը։

 

Պատրաստեց՝

Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

Leave a comment