Financial Times–ի հրապարակման համաձայն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) օգտագործել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Telesun ընկերությունը՝ չինական արտադրության արբանյակային կապի սարքավորումներ ձեռք բերելու համար։
Հաղորդվում է, որ այդ սարքավորումները կապված են եղել Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ծրագրերի հետ։
Տեղեկությունների համաձայն՝ բեռը տեղափոխվել է Շանհայից՝ անցնելով Դուբայի և Ռաս ալ-Խայմայի միջոցով, ապա հասել Իրան։
Պարբերականը նաև նշում է, որ իրանական Rama III նավը ենթադրաբար կեղծել է GPS տեղորոշման տվյալները՝ Բանդար Աբբաս տանող երթուղին թաքցնելու նպատակով։
Ըստ հրապարակման՝ սարքավորումները կապ են ունեցել այն ընկերությունների հետ, որոնք առնչվում են ԻՀՊԿ ռազմաօդային և տիեզերական ուժերին՝ չնայած ԱՄՆ գործող պատժամիջոցներին։