Թեհրանը դեռևս չի կարող ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը․ Իրանի ԱԳՆ

Իրանը դեռևս չի կարող ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, սակայն որոշումներ են կայացվել մի շարք հարցերի շուրջ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ճիշտ է, որ մենք արդյունքների ենք հասել մի շարք հարցերի շուրջ, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է պնդել, որ համաձայնագիրը շուտով կկնքվի», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ մշակվող հուշագիրը ներառում է «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունները դադարեցնելու մասին կետ։ Նա վերահաստատել է Թեհրանի նախկին դիրքորոշումը, որ Վաշինգտոնի հետ չի քննարկում Իրանի միջուկային ծրագիրը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ իրանական կողմը դեռ չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան, ինչպես նաև չկան նոր պակիստանյան պատվիրակություն ընդունելու ծրագրեր։

Leave a comment