Էդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի է

Բաժանորդագրվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց ՀՀ ինքնիշխանության զիջման։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ կա։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ Կապանում պատասխանելով ցուցակի 2-րդ համար Կարպիս Փաշոյանի հարցին։ Մարուքյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում իրենք կլուծեն այդ ճգնաժամը։

«Հենց հիմա Լարսում խնդիր կա, հենց հիմա մեր ապրանքները հավաքում են ռուսական տարբեր խանութներից, և սա այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է։ Այդ ճգնաժամը պետք է կարգավորենք, դա չի լինելու մեր ինքնիշխանության հաշվին. պարզապես ակնկալվում են նորմալ, գործընկերային հարաբերություններ, որոնց արդյունքում այս հարցերը կլուծվեն»,– ասաց Մարուքյանը։

Նրա կարծիքով՝ այսօր հայ հանրության շրջանում միֆեր են տարածվում, թե հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ հատուկ պահանջներ կան։ Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ առանց ՀՀ ինքնիշխանության զիջման իրենք կարգավորելու են ՌԴ-ի հետ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment