Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած նոր գործողություն կառաջացնի «կործանարար և դժոխային» պատասխան, որը կտարածվի ամբողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, հաղորդում է Tasnim-ը։
Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին կիրակի ուղերձ է հրապարակել, որը նվիրված է ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Խորրամշահր քաղաքի՝ Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան զորքերից ազատագրման 44-րդ տարեդարձին, ինչպես նաև Դիմադրության, անձնազոհության և Հաղթանակի ազգային օրվան։
Վերջին ամերիկա-իսրայելական պատերազմը անվանելով «երրորդ պարտադրված պատերազմ»՝ Վահիդին ասել է, որ իրանցի ժողովուրդը կրկին հաղթանակ է տարել «սիոնիստա-ամերիկյան թշնամու ահաբեկչական հարձակումից» հետո, որի հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, ռազմական հրամանատարներ, պաշտոնյաներ և Մինաբի դպրոցական աղջիկներ։
Նա ասել է, որ թշնամին, բախվելով 40-օրյա «ջախջախիչ դիմադրությանը» և Իրանի զինված ուժերի «վճռական ու կործանարար պատասխանին», ի վերջո ստիպված է եղել «ստորացված կերպով» ձգտել հրադադարի, և այժմ ականատես է լինում իրանցի ժողովրդի վճռականությանը՝ վրեժ լուծելու Իրանի սպանված գերագույն առաջնորդի համար։
ԻՀՊԿ-ի հրամանատարը վերջին հակամարտությունը անվանել է «հիբրիդային պատերազմ», սակայն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի վճռական պատասխանը, որն ամրապնդվել է ժողովրդի աջակցությամբ, տապալել է թշնամու նպատակները և չեզոքացրել նրա «սատանայական մտադրությունները»։
Վահիդին ասել է, որ Խորրամշահրի դասը ներքին հզորության վրա հենվելն ու ակտիվ զսպումն է՝ հավելելով, որ Իրանի հաջողությունները միջուկային, հրթիռային, պաշտպանական և հարձակողական ներուժի ոլորտներում ստիպել են թշնամիներին վերանայել իրենց հաշվարկները։
Հրամանատարը նշել է, որ իրանցի ժողովրդի վճռական ներկայությունը երկրի ամենամեծ ռազմավարական հարստությունն է և անխորտակելի պատնեշ՝ թշնամական դավադրությունների ու ներթափանցման դեմ։
Ըստ նրա, Իրանի զինված ուժերը ներկայումս գտնվում են պատրաստվածության և ակտիվ զսպման ամենաբարձր մակարդակի վրա՝ հրթիռային, օդային, ռազմածովային, ցամաքային, տիեզերական և կիբեռնետիկ ոլորտներում։
«Թշնամու կողմից վերսկսված ցանկացած ագրեսիա կհանդիպի կործանարար և դժոխային պատասխանի՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային մասշտաբով», – նախազգուշացրել է նա։