2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ։ 

Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք  վերաբերում են «Մոսպրոմէքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է և ունի ՌԴ քաղաքացիություն։ 

Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։  

Նույն օրը Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այդ պնդումները։ Որպես  աջակցություն Կարապետյանին, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես հայտարարել էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։ 

Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, սակայն, Սիմոնյանը մեկ այլ ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ հին տվյալները հեռացվել են՝ համապատասխան հղումը որոշ ժամանակ անհասանելի է եղել, ապա դրանց խմբագրված տարբերակն է հրապարակվել գրանցամատյանում։ 

Տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին։ 

Ինչի՞ մասին է վկայում փաստաթուղթը

FIP.am-ի տրամադրության տակ է հայտնվել 2026 թվականի մայիսի 19-ով թվագրված Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ փաստաթուղթ (էջ 3) կնիքով և էլեկտրոնային ստորագրությամբ։

Արտապատկերումը՝ փաստաթղթից

Ռուսաստանում յուրաքանչյուր հարկ վճարող ունի հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այդ թվում՝ օտարերկրացիները։ Կա առցանց ծառայություն, որը օգնում է որոշել ՀՎՀՀ-ն՝ հիմնվելով անձնական տվյալների վրա։ Դրա միջոցով որոշվել է Կարապետյանի ՀՎՀՀ-ն՝ 772836376910։ Հարցման արդյունքում համակարգը կտրամադրի այսպիսի փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ՝ աղբյուրը Ռուսաստանի Դաշնության պետական ​​գործակալություն։ 

Ռուսաստանը վարում է նաև իրավաբանական անձանց հատուկ միասնական պետական գրանցամատյան՝ EGRUL հարթակը: Ըստ պահանջի, այն տրամադրում է հարցվող իրավաբանական անձի ներկայիս կարգավիճակը:

2026 թվականի մայիսի 19-ին թվագրված փաստաթուղթը  Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից  ստացված իրական քաղվածք է, որը վավերացված է Դաշնային հարկային ծառայության (FTS) էլեկտրոնային ստորագրությամբ, որի ստուգման արձանագրությունը ևս մեր տրամադրության տակ է։

Ստորագրությունը հնարավոր է ստուգել egrul.nalog.ru հարթակում և կրկնակի ստուգել այն՝ օգտագործելով e-trust ծառայությունը։

Փաստաթղթերը վկայում են՝ Կարապետյանը առերևույթ խախտել է Սահմանադրության պահանջը

FIP.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են՝ Նարեկ Կարապետյանը վերջին չորս տարում առերևույթ ունեցել է նաև այլ երկրի՝ այս դեպքում ՌԴ-ի քաղաքացիություն, ինչը անթույլատրելի է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատին հավակնելու սահմանադրական պահանջի տեսանկյունից։

ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված պահանջը, համաձայն որի Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այսպես, EGRUL գրանցամատյանը տրամադրում է հարկ վճարողի հարցումն իրականացնելու պահի կարգավիճակը, բայց ոչ փոփոխությունների պատմությունը․ FIP.am-ին, հասանելի են դարձել  գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ նախկին գրառումներից արխիվացված փաստաթղթերը ևս։  

FIP.am-ի ձեռք տակ են հայտնվել  2023-ից 2026 թվականների՝ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին վկայող չորս փաստաթուղթ․ համաձայն դրանց՝ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն է ունեցել առնվազն 2023 թվականից։ 

Այսպես, օգտագործելով Կարապետյանի ՀՎՀՀ-ն՝ տեղեկանում ենք, որ նա համարվում է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ի հիմնադիրը 2020 թվականի օգոստոսի 18-ից մինչ այս պահը: Նա նաև «ՎՈԻԳ»/«ВОИГ» ՍՊԸ-ի հիմնադիրն էր՝ 2023 թվականի մարտի 29-ից մինչև 2026 թվականի մարտի 30-ը։

Արտապատկերումը՝ փաստաթղթերից

2020 թվականի օգոստոսի 18-ին, երբ Նարեկ Կարապետյանը դարձել է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ի հիմնադիրը, նրա քաղաքացիության մասին  տվյալներ չէին նշվում, քանի որ ՌԴ Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանը այդ ժամանակ պարզապես նման տվյալներ չէր պահանջում: 

Քաղաքացիության մասին պահանջի պարտադիր դառնալուց հետո, հիմնադիրների քաղաքացիության մասին տվյալները սկսեել են հայտնվել գրառումների թարմացումներում։ Արդեն 2023 թվականի հուլիսի 27-ին հայտնվել է Նարեկ Կարապետյանի քաղաքացիության մասին տվյալը։ 

Ծառայությունը նաև հաղորդում է գրառման փոփոխության պատճառը. «Ավելացվել է հիմնադիր Նարեկ Կարենովիչ Կարապետյանի հարկ վճարողի նույնականացման համարի (ՀՎՀՀ) մասին տեղեկատվություն՝ 772836376910»:

Փաստացի, 2023 թվականի հուլիսին 27-ի քաղվածքի արխիվացված պատճենում երևում են  Կարապետյանի թե՛ ՀՎՀՀ-ն, թե՛ քաղաքացիությունը՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»:

Այսինքն՝ ռուսական պետական մարմինների գրառումների համաձայն՝ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ունեցել 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ։  

Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին վկայող մյուս երեք փաստաթղթերը թվագրվում են 2023 թվականի հոկտեմբերի 17, 2025 թվականի հունիսի 24 և 2026 թվականի մայիսի 19։ 

Այսպիսով, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից մեկը, որն ունի ստուգված էլեկտրոնային ստորագրություն, վկայում է, որ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ունեցել է ՌԴ քաղաքացիություն։ 

Հատկանշական է, որ այս գրառումը հեռացվել է ՌԴ պետակական գերատեսչության հարթակից այն բանից հետո, երբ Կարապետյանի քաղաքացիության մասին լուրեր շրջանառվեցին մամուլում և Ալեն Սիմոնյանի կողմից։ 

Հայտնի է նաև, որ հարթակը այդ աղմկահարույց լուրերից հետո հեռացրել է գրառումը, թարմացրել այն նոր տարբերակով՝ փոխելով Կարապետյանի քաղաքացիության մասին տվյալը և նշելով՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ 


Կարդացեք նաև՝
Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր)

Նանե Մանասյան

Ռոման Ուդոտ 

 

The post 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ appeared first on FIP.AM.

Leave a comment