Նախատեսվում է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և դրան կից օրենքներում փոփոխությունների նախագծի համաձայն, որը Ներքին գործերի նախարարությունը տեղադրել է e-draft.am կայքում, քաղաքացիները կկարողանան վերականգնել իրենց վարորդական իրավունքը մեկ անգամ՝ առանց վարորդական քննությունը կրկին հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական ​​տուրք։ Այս ընթացակարգը կգործի, եթե դիմումը ներկայացվի զրկման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում», – նշվում է նախագծում։

Փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն վարորդներին կհատկացվի 6 միավոր, իսկ այդ միավորը սպառելու դեպքում նրանք 1 տարով կզրկվեն վարելու իրավունքից։

Սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։

Leave a comment