ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ կայանալիք ռազմական շքերթին։
Հանրապետության հրապարակում արդեն տեղադրվել են «Հանրապետության օր» գրությամբ ցուցապաստառներ։ Պաստառների վրա պատկերված է նաև ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող խորհրդանիշ։ Սակայն այն տարբերվում է Պաշտպանության նախարարության պաշտոնական զինանշանից։
Պաստառի վրա պատկերված «զինանշանում» առկա է ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը հաճախ օգտագործում է նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նկարում պատկերված է նաև արծիվ՝ մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական զինանշանի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց քարտեզի, ինչպես նաև արծիվ, որը բազմած է խաչապատկեր վահանի վրա։
Բացի այդ, պաշտոնական տարբերակում սուրը պատյանի մեջ է։
Նշենք, որ այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում որպես ՀՀ զինված ուժերի զինանշան հրապարակված է բոլորին հայտնի տարբերակը։ Իսկ թե այս նոր տարբերակը ինչպես է ընտրվել, ինչ քննարկումներ են եղել և ով է որոշել՝ առայժմ անհայտ է։
Factor.am-ը Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն է խնդրել՝ արդյոք փոխվե՞լ է Զինված ուժերի զինանշանը։ Գերատեսչությունից խոստացել են մեկնաբանել ավեղի ուշ։ Ստանալուն պես՝ կհրապարակենք։
Նարեկ Կիրակոսյան