Եթե Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն: Այս մասին «Վեստիի» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պարզապես պետք է հասկանան՝ ուր են իրենց տանում։ Այսպիսով, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Ակնհայտ է, որ կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն, ինչպես նաև էներգակիրների գները։ Նրանք կկորցնեն որոշ արտոնություններ։ Գուցե ինչ-որ բան ստանան, գուցե՝ ոչ»,:
Օվերչուկի խոսքով՝ Մոսկվան անընդհատ լսում է ԵՄ-ի կողմից Երևանին խոստացված 2 միլիարդ դոլարի մասին։ «Բայց մինչև հիմա ոչինչ չի իրականացվել։ Կտեսնենք, թող նրանք որոշեն։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում և շարունակի բարգավաճել ու զարգանալ նույն տեմպերով, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ ԵԱՏՄ-ում էր»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա հիշեցրել է, որ Երևանում օրենք է ընդունվել ԵՄ-ին հանրապետության միանալու ձգտման վերաբերյալ․ «Եվ այս առումով, իհարկե, մենք սկսում ենք հարցեր ունենալ, քանի որ Եվրամիությունն այսօր, հավանաբար, այն միությունը չէ, ինչ նախկինում էր: Այս առումով կա առաջարկ, որ նրանք արագ որոշում կայացնեն և հանրաքվե անցկացնեն, չնայած, իհարկե, մենք չենք կարող նրանց ասել՝ «անցկացրեք հանրաքվե», դա նրանց ներքին գործն է: Դե, նրանք կորոշեն»։
Եթե Երևանը որոշի դուրս գալ, ըստ Օվերչուկի՝ «զրույցը հանգիստ կընթանա»:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը մեզ մոտ երկիր է, իսկ հայերը շատ մտերիմ ժողովուրդ են, նրանք բարեկամ ժողովուրդ են: Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են միանալ ռազմականացված Եվրոպային, որը գրեթե ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը: