Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները


ՀՀ Ազգային ժողովը Եվրոպական խորհրդարանական հետազոտությունների և փաստաթղթավորման կենտրոնի (ECPRD) հետ համատեղ մայիսի 21-22-ը անցկացրել է «Արհեստական բանականության ինստիտուցիոնալ ինտեգրումը և կառավարումը խորհրդարանական հիմնական գործընթացներում» թեմայով սեմինարը:


Սեմինարի քննարկումների առանցքում եղել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները:


Քննարկմանը մասնակցել են պատվիրակներ մի շարք երկրների խորհրդարաններից, ներկայացուցիչներ միջազգային ու տեղական կազմակերպություններից, նաև՝ ԱԺ աշխատակազմից:


ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը բացման խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի անունից ողջունել է ներկաներին և կարևորել նման սեմինարի կազմակերպումը տարածվող կեղծ լուրերի ու տեղեկատվական հոսքերի այս ժամանակաշրջանում:


Խոսելով արհեստական բանականության (ԱԲ) ընձեռած հնարավորությունների և մարտահրավերների մասին՝ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ այն պետական մարմինների համար այլևս  հեռավոր հայեցակարգ չէ, այն ազդում է կառավարությունների, խորհրդարանների և հասարակության գործունեության վրա: «Նոր փուլ ենք մտնում, որտեղ տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես ԱԲ-ն, սկսում են ազդել օրենսդրական աշխատանքի, հասարակության հետ հաղորդակցվելու և որոշումների կայացման վրա: Այս վերափոխումը հսկայական հնարավորություններ է ստեղծում, դրան զուգահեռ նաև՝ անվտանգային խնդիրներ, մարտահրավերներ ու պատասխանատվություն»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու խոսել մարտահրավերներին դիմակայելու և նորարարություններն արագ յուրացնելու՝ մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկության մասին: Այս համատեքստում նա ընդգծել է ոչ միայն ԱԲ-ի, այլև նոր գաղափարների զարգացման կարևորությունը փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս համատեքստում Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է խորհրդարանի աշխատակազմի կողմից արհեստական բանականության հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը:


Նշելով, որ ԱԲ-ի ինստիտուցիոնալացման տեսանկյունից խորհրդարանը դեռ վաղ փուլերում է՝ Հեղինե Խաչիկյանը հենց այդ առումով կարևորել է միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումները:


ECPRD-ի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները խորհրդարաններում» ոլորտի համակարգող, ռազմավարության և նորարարության բաժնի ղեկավար Ֆրոդե Ռեյնը ողջույնի խոսքում ևս անդրադարձել է խորհրդարանական գործընթացներում ԱԲ-ի ինստիտուցիոնալ ինտեգրման և կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին: Նշվել է, որ այս թեմային անդրադարձ է եղել նաև Իսլանդիայում և Բրյուսելում կազմակերպված քննարկումների շրջանակում:


Այնուհետև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչը մանրամասնել է իրենց կազմակերպության գործունեությունը, Հայաստանի թվային վերափոխման խթանման ուղիները, թվային լուծումների ներդրմամբ քաղաքացու կենսագործունեությունն ապահովող ծառայությունների հարմարավետությանը և հասանելիությանը, հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը:


ՀՀ Ազգային ժողովը ECPRD-ի կողմից հարցում է անցկացրել սեմինարի թեմայի շրջանակում: Հարցման արդյունքները շնորհանդեսի ձևաչափով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության հետազոտական ու տեղեկատվական բաժնի ղեկավար, ՀՀ-ում ECPRD-ի թղթակից անդամ Արուսյակ Քանանյանն ու խոսել մի շարք երկրների օրինաստեղծ աշխատանքում ԱԲ գործիքների կիրառման մեթոդների ու ձևերի մասին:


Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել ԱԲ-ի գործիքների կիրառման դրական ու բացասական կողմերին, օրենսդրական գործունեության մեջ ԱԲ-ի մեթոդների ներդաշնակ կիրառման հնարավորություններին ու մարտահրավերներին:


Համաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես են եկել Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ալբանիայի ներկայացուցիչները: Նրանք խոսել են արհեստական բանականության կիրառության խոչընդոտների, խորհրդարանական գործընթացներում դրա կիրառության, իրավական խնդիրների մասին:


Երկօրյա սեմինարի կազմակերպումը համաֆինանսավորվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) FORSETI նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կանադայի, Շվեդիայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Դիտումների քանակ2

Leave a comment