Հայտնաբերվել են «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներ վարող օրինախախտներ, այդ թվում՝ դպրոցականներ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի օրերս տված հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանն այսօր «Վերջին զանգի» օրվա կապակցությամբ ՊԾ ղեկավար կազմին, ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել Ա. Սարգսյանի և Կ. Ցուցուլյանի խոսքերը, որ վերջին զանգին պարեկները պետք է 24 ժամ ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնեն և լինեն խիստ այն օրինախախտ վարորդների նկատմամբ, ովքեր կխախտեն երթևեկության կանոնները, դպրոցների մոտ կստեղծեն արհեստական կուտակումներ և հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխեն այն ավտոմեքենաները, որոնց ղեկին եղել են անչափահասներ։

Այսօր՝ մայիսի 22-ին,  վաղ առավոտից պարեկները սկսել են ուժեղացված ծառայությունը ու «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում Երևանում ու մարզերում պարեկները հայտնաբերել են մոտ 160 ավտոմեքենաներ, որոնցից 70-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում, որտեղ էլ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնց մեջ եղել են նաև դպրոցականներ (անչափահասներ)։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մեքենաների մեծ մասը եղել են դպրոցականների սիրելի «Mercedes G» («յաշիկ»), «Tesla», «Mercedes Maybach», «BMW X5», «BMW X6» մակնիշի ավտոմեքենաներ։

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և կարելի է վստահ ասել՝ դրա արդյունքում «Վերջին զանգի» հետ կապված անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

—00—ԼԱ

Leave a comment