ՏԵՍԱՆՅՈւԹ․ Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի. Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  

Վաղ առավոտից դիմակավորված անձինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ ներխուժում են ԲՀԿ պատգամավորության թեկնածուների բնակարաններ և աշխատավայրեր։ Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորվելուց հետո երեկ արդեն մեղադրանք ներկայացվեց Անդրանիկ Թևանյանին, իսկ այսօր արդեն դիմակավորված անձինք խուզարկություններ են իրականացնում նրա գրասենյակում։ Վաղ առավոտից դիմակավորված անձինք ներխուժել են նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Ակնհայտ է, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ և հզոր հանդիպումներից հետո իշխանությունները հայտնվել են քաղաքական ցնցումների մեջ։ Դրա լավագույն ապացույցը հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ վաղ առավոտյան դեռ քնաթաթախ վիճակում մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով։ Փաշինյանի բացառապես անհիմն մեղադրանքներով ու անձնական բնույթի վիրավորանքներով անհավասարակշիռ պահվածքը խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը խուճապի մեջ է։ Ակնհայտ է, որ իշխող ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միակն է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի ծրագրային բովանդակությամբ հանդես չի գալիս, այլ առաջնորդվում է փողոցային բառապաշարով քաղաքական ընդիմախոսների հասցեին ցեխ շպրտելու գործելաոճով։

Հիշեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի երկար տարիների քաղաքական ճանապարհ։ Այս ամբողջ ընթացքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների բերեց Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։ Տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը մշտապես ծառայել է մեկ նպատակի՝ միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հայկական շահի պաշտպանությանը։
Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։
📌 Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։
📌 Հրավիրում ենք նաև միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։
Կից ներկայացնում եմ նախօրեին Շիրակի մարզում կայացած հանդիպումների վերաբերյալ տեսանյութը, որպեսզի պարզ դառնա թե ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվեց հոգեխանգարմունքի մեջ։

Leave a comment