Ի՞նչ է նախատեսում ԱՄՆ–ի և Իրանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը

Բաժանորդագրվել

Հնարավոր համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովմանը:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը նախատեսում է կրակի դադարեցում բոլոր ճակատներում և նավագնացության ազատության ապահովում Պարսից ու Օմանի ծոցերում և Հորմուզի նեղուցում: Հնարավոր համաձայնագրի կետերը ներկայացրել է «Al Arabiya» հեռուստաալիքը:

Փաստաթուղթը նախատեսում է նաև ամերիկյան պատժամիջոցների աստիճանական չեղարկում՝ համաձայնագրի կետերով Իրանի ստանձնած պարտավորությունների դիմաց, ինչպես նաև ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն և երկրների միջև տեղեկատվական պատերազմի դադարեցում:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:

Leave a comment