Ներկայացնում ենք Carnegie հիմնադրամի կայքում հրապարակված Brussels and Baku Are Talking Again: What Next? հոդվածի հայերեն թարգմանությունը:
Շուջաթ Ահմադզադան անկախ հետազոտող է, ով մասնագիտանում է Հարավային Կովկասի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների վրա։
Շուջաթ Ահմադզադա
Մարտին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այցելեց Բաքու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ստորագրեց 15 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որը վերաբերում էր էներգետիկային, պաշտպանությանը, թվային համագործակցությանը եւ տրանսպորտին։ Ապրիլի կեսերին Ադրբեջանի մեծ պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիեւի գլխավորությամբ, Բրյուսելում հանդիպեց եվրոպացի գործընկերների հետ՝ նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հունիսին՝ Բաքվում։
Համաձայնագիրը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, կփոխարինի 1996 թվականին ստորագրված եւ 1999 թվականին վավերացված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։ Դրան փոխարինող նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017 թվականին եւ դանդաղ շարունակվել մինչեւ 2022 թվականը, երբ փաստացի փակուղի մտան։ Երկու կողմերն էլ պնդում են, որ տեքստի 90 տոկոսն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած 10 տոկոսը հիմնականում վերաբերում է առեւտրային դրույթներին։
Երկկողմ համաձայնագրին զուգահեռ՝ կողմերը բանակցում են գործընկերության առաջնահերթությունների փաթեթի շուրջ, որը ծառայում է որպես համագործակցության քաղաքական ճանապարհային քարտեզ։ Բրյուսելը միաժամանակ մշակում է առանձին, ավելի լայնածավալ աջակցության փաթեթ, որի նպատակն է ներդրումներն ուղղել փոխկապակցվածության, էներգետիկայի եւ կառուցվածքային տնտեսական աջակցության ոլորտներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին աջակցելու համար։
2024 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո Անտոնիու Կոշտան եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ էներգետիկ նկատառումներից ելնելով, Բաքվի հետ հարաբերությունների վերակարգավորումը դարձրել են առաջնահերթություն։ Ռուսաստանից ԵՄ խողովակաշարային գազի ներմուծման մասնաբաժինը 2021 թվականի շուրջ 40 տոկոսից 2025 թվականին կտրուկ նվազել է՝ հանելով 6 տոկոսի եւ կազմելով շուրջ 18 միլիարդ խորանարդ մետր, ինչը 1970-ականների կեսերից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։
Միեւնույն ժամանակ, 2025 թվականին Ադրբեջանի արտահանած 25.2 միլիարդ խորանարդ մետր գազի կեսից ավելին մատակարարվել է ԵՄ, ինչի արդյունքում Բաքվի մասնաբաժինը ԵՄ գազի ընդհանուր ներմուծման մեջ հասել է մոտ 4 տոկոսի:
Սա կարող է փոքր ցուցանիշ համարվել, սակայն առանձին անդամ պետությունների, հատկապես՝ Բուլղարիայի, Հունաստանի եւ Իտալիայի համար, այն վճռորոշ նշանակություն ունի: Բաքուն ներկայում գազ է մատակարարում ԵՄ տասը անդամ պետությունների, իսկ Գերմանիայի եւ Ավստրիայի հետ նոր պայմանագրերը ուժի մեջ են մտել 2026 թվականի սկզբից: Իրանի պատերազմը, որը խաթարել է Հորմուզի նեղուցով տարանցումը եւ ցնցումներ առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկաներում, այս կախվածությունն էլ ավելի է սրել: Ինչպես Կոշտան ասել էր Բաքվում. «Մեր էներգետիկ գործընկերությունն ավելի կարեւոր է, քան երբեւէ»:
Երկրորդ պատճառը ռազմավարական աշխարհագրությունն է: Ադրբեջանի երկու սահմանների երկայնքով ընթացող պատերազմները՝ հյուսիսում Ուկրաինայում եւ հարավում Մերձավոր Արեւելքում, շարունակում են վերաձեւավորել Եվրասիայի կապուղիներն ու տարանցիկ հոսքերը: Տրանս-Կասպյան միջանցքը, որը Կենտրոնական Ասիան Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով կապում է եվրոպական շուկաների հետ, դարձել է Ռուսաստանի կամ Իրանի տարածքով անցնող երթուղիների կենսական այլընտրանքը:
ԵՄ-ի համար այս միջանցքում ներդրումներ կատարելը նշանակում է նվազեցնել ռազմավարական կախվածությունը հակառակորդ տարանցիկ պետություններից: Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել միանալու ԵՄ Համատեղ տարանցման մասին կոնվենցիային, որը հնարավորություն է տալիս ապրանքները անդամ երկրների սահմաններով տեղափոխել պարզեցված մաքսային ընթացակարգերով: Կոնվենցիան, որն այժմ ընդգրկում է բոլոր անդամ պետությունները, Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի (EFTA) երկրները, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան եւ Արեւմտյան Բալկանների մի շարք պետություններ, կարող է Հարավային Կովկասը ներառել մայրցամաքային առեւտրային ճարտարապետության մեջ՝ ապահովելով անխափան հասանելիություն եվրոպական շուկաներին։
Երրորդ պատճառը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է, որն ընթանում է սպասվածից ավելի արագ տեմպերով: 2025 թվականի օգոստոսին կնքված TRIPP համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով ԱՄՆ-ի կողմից կառավարվող կապուղու ստեղծում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի հետ: Դրանից հետո Ադրբեջանը չեղարկեց երրորդ երկրներից Հայաստան ապրանքների տարանցման արգելքը: ԵՄ-ն արդեն իսկ տարածաշրջանային փոխկապակցվածության ենթակառուցվածքի Նախիջեւանի հատվածը սահմանել է որպես առաջնահերթություն, իսկ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն 2025 թվականի օգոստոսին այցելել էր Նախիջեւան՝ երկաթուղային արդիականացումը գնահատելու նպատակով: Երեսուն տարվա մեջ առաջին անգամ ձեւավորվում է տարածաշրջանային ընդհանուր տեսլականի նման մի բան, եւ ԵՄ-ն ցանկանում է երաշխավորել դրա իրականացումը։
Սակայն հնարավորության պատուհանը կարող է փակվել: TRIPP-ի իրականացումը մի շարք խոչընդոտների է բախվում։ Թեեւ մինչեւ 2025 թվականի վերջը Միացյալ Նահանգները կարողացել էր ապահովել մոտ 400 միլիոն դոլարի ֆինանսավորում, ամբողջ բազմամիլիարդանոց հիմնադրամի կառուցվածքը դեռեւս ձեւավորված չէ։ Ճանապարհային եւ երկաթուղային ենթակառուցվածքների շինարարությունը դեռ չի մեկնարկել: Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները փաստացի կդառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի վերաբերյալ հանրաքվե։ Ակնկալվում է, որ դրանից հետո կանցկացվի հանրաքվե՝ ՀՀ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղին վերաբերող հղումները հեռացնելու հարցով, ինչը Ադրբեջանը դիտարկում է որպես վերջնական համաձայնագրի ստորագրման նախապայման։ Եթե այս գործընթացները դանդաղեն կամ փակուղի մտնեն, տարածաշրջանային այն դինամիկան, որը ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դարձնում է այդքան արդիական, կարող է մարել:
Նույնիսկ եթե տարածաշրջանային ներկայիս իրավիճակը պահպանվի, գործընկերությունը բախվում է խոչընդոտների, որոնցից կողմերից ոչ մեկը չի կարող անվերջ խուսափել։ Ամենաէական լարվածությունը հայեցակարգային բնույթ ունի։ Բրյուսելն ու Բաքուն գնալով ավելի տարբեր պատկերացումներ ունեն իրենց գործընկերության նպատակի վերաբերյալ։ ԵՄ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքը գրեթե ինքնաբերաբար արտաքին համաձայնագրերի մեջ ներառում է նորմատիվ պայմանականության սկզբունքը։ Եվրախորհրդարանի ապրիլի 28-ի բանաձեւը վերահաստատում է այդ տրամաբանությունը։
Մինչդեռ Ադրբեջանը վաղուց հանդես է գալիս գործարքային համագործակցության մոդելի օգտին, եւ այժմ փոխվել է նաեւ դրա հիմքում ընկած ռազմավարական ինքնընկալումը։ Տասը տարի առաջ Ադրբեջանը իրեն մեծապես դիտարկում էր որպես ավելի լայն եվրոպական աշխարհաքաղաքական տարածքի մաս։ Այն մասնակցում էր Արեւելյան գործընկերությանը եւ հյուրընկալում Եվրոպական խաղերը՝ երբեւէ չձգտելով ԵՄ անդամակցության։ Այսօր Բաքուն իրեն ներկայացնում է որպես եվրասիական դերակատար՝ խորացնելով կապերը Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի եւ Պարսից ծոցի երկրների հետ, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության մի քանի ուղղություններից մեկը, այլ ոչ թե հիմնական կամ որոշիչ կողմնորոշում։ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմը եւ 2023-2024 թվականներին դրան հաջորդած դիվանագիտական լարվածությունն արագացրին տեղի ունեցող վերակողմնորոշումը։
Այլ դեպքերում ԵՄ-ն պահպանել է նորմատիվ պայմանականության սկզբունքը, ինչը Բրյուսելում քաղաքականապես դժվարացնում է Ադրբեջանի հետ առանց համադրելի պայմանների ընդլայնված գործընկերության հաստատումը։ Այնուամենայնիվ, այնպիսի շրջանակի վրա պնդելը, որը Բաքուն այլեւս լեգիտիմ չի համարում, կարող է հանգեցնել մի համաձայնագրի, որը կա՛մ այնքան թույլ կլինի, որ կկորցնի իր նշանակությունը, կա՛մ այնքան պահանջկոտ կլինի, որ դրա վավերացումը կդժվարանա։ Երկու կողմերն էլ, կարծես, հաշվարկել են, որ տվյալ պահի ռազմավարական հրամայականներն արդարացնում են գործընթացը շարունակելու որոշումը։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կկարողանան գտնել ընդունելի քաղաքական ձեւակերպումներ՝ առանց հարաբերությունները սրելու այն գործընկերոջ հետ, ով համարում է, որ պարտավոր չէ դրանք ընդունել:
Ավելին, ԵՄ-ի՝ որպես ինստիտուտի, եւ ԵՄ-ի՝ որպես 27 ինքնիշխան պետություններից կազմված միության միջեւ առկա անջրպետը շարունակում է քրոնիկ խոչընդոտ մնալ։ Չնայած միասնական արտաքին քաղաքականության մշտական անհրաժեշտությանը՝ ԵՄ-ն փաստացի այդպիսի քաղաքականություն չունի։ Դրա վառ օրինակը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ապրիլին արված հայտարարությունն է, որում նա Թուրքիային դասեց Ռուսաստանի եւ Չինաստանի շարքին՝ որպես այն ուժերի, որոնց ազդեցությունից Եվրոպան պետք է զգուշանա։ Այն փաստը, որ հանձնաժողովի ղեկավարը ՆԱՏՕ-ի դաշնակցին, ԵՄ անդամակցության թեկնածուին եւ Հարավային Կովկասում անփոխարինելի գործընկերոջը կարող է այդքան հեշտությամբ ներկայացել որպես հակառակորդ, ավելի շատ վկայում է ոչ թե հստակ քաղաքական դիրքորոշման, այլ ավելի խորքային ապակողմնորոշման մասին։ Բաքվում, որտեղ Թուրքիայի դերը անվիճելի իրողություն է, այս դրվագը եւս մեկ անգամ ամրապնդեց այն վաղեմի կասկածը, որ Բրյուսելը լիովին չի ընկալում տարածաշրջանի դիվանագիտական տրամաբանությունը:
Սակայն ԵՄ-ի առջեւ կանգնած ընտրությունը մեծ գործարքի եւ լիակատար անգործության միջեւ չէ։ Եթե Տրանս-Կասպյան երթուղին ավելի մեծ աջակցություն ստանա, դա կամրապնդի Բաքվի դիրքը որպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ լոգիստիկ հանգույց։ Իսկ համատեղ տարանցիկ կոնվենցիային միանալը, եթե այն տարածվի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ Թուրքիայի եւ Վրաստանի հետ միասին, կձեւավորի Կասպից ծովից մինչեւ Ադրիատիկ ծով ձգվող անխափան մաքսային միջանցք։ Միեւնույն ժամանակ, պարտադիր չէ, որ բոլոր օգուտները գործեն մակրո մակարդակում։ Սովորական ադրբեջանցիների համար նորմատիվ ազդեցությունը դեռեւս կարեւոր է։ Վիզայի ազատականացումը, կրթական փոխանակումները, մասնագիտական շարժունակության ընդլայնումը եւ նմանատիպ նախաձեռնությունները կնպաստեն հասարակության ներսից ձեւավորվող կապերի ամրապնդմանը։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: