Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

«Արևմտյան Ադրբեջանի» թեզը ադրբեջանական խոսույթից սահուն տեղափոխվում է Հայաստանի քարոզչական դաշտ․ վերջին շրջանում սոցիալական մեդիայում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում արհեստական բանականության (AI) գործիքներով պատրաստված տեսանյութեր, որոնք տարածում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին միֆական բովանդակություն։

Այս օրերին սոցիալական մեդիայում տարածվող AI-գեներացված տեսանյութը այդ նարատիվի ամենավիզուալ օրինակներից մեկն է, որը հայտնվել է նույնիսկ հեռուստատեսային եթերում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածված տեսանյութը և փորձել պարզել՝ ինչ ճանապարհներով ու ովքեր են տարածում այն։

Ի՞նչ է ասում AI-ով պատրաստված տեսանյութը

Նախ տեսանյութի բովանդակության մասին՝ ակտիվորեն տարածվող AI-ի միջոցով ստեղծված տեսանյութում 2031 թվականն է,  որպես «Արևմտյան Ադրբեջանի» իրականություն։ Տեսանյութում մի կին հեռուստացույցով դիտում է «Հաբերլերի» հերթական թողարկումը, որտեղ խոսվում է արդեն Ադրբեջանի կազմում գտնվող Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» հայ փոքրամասնության մասին։

Տեսանյութում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներկայացվում է որպես «Շահիդների բլուր», որի տարածքում կառուցվել է քաղաքի ամենամեծ մզկիթը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջանի մարզպետ», որը Իլհամ Ալիևի հետ Հեյդար Ալիևի զբոսայգում ծաղիկներ է դնում Աթաթուրքի արձանի մոտ։ Ըստ տեսանյութի՝ 2031 թվականին «Արևմտյան Ադրբեջանում» ապրում է 320 հազար հայ, ինչը բնակչության ընդամենը 15 տոկոսն է։ 

Տեսանյութը, ինչպես նշեցինք, AI-ով է պատրաստված։ Ընդհանրապես, այս քարոզարշավի ընթացքում AI տեխնոլոգիաների կիրառումը զանգվածային է։ AI-ը այս դեպքում փոխում է քարոզչության ձևը, այսինքն՝ եթե նախկինում հանրությանը փոխանցվող ուղերձները տարածվում էին տեքստերով՝ «կկորցնենք երկիրը», «կլինենք թուրքերի տակ», «կվերանա ինքնությունը» և այլն, ապա արդեն այս շրջանում սկսել են գործի դնել արհեստական բանականությունը՝ հատուկ պատկերներով հանրությանը հնարավորություն տալով ապրել ապագան։  

Ովքե՞ր են տարածել այս տեսանյութը

FIP.am-ի մշտադիտարկումը ցույց է տվել, որ այս տեսանյութը մայիսի 13-ին առաջինը տարածել է SisMasis տելեգրամյան ալիքը․ այն ունի 5 հազարից ավելի դիտում ու հարյուրավոր տարածումներ։ Telegram-ում ալիքն ունի 23 հազարից ավելի հետևորդ, գրանցված է Հայաստանում, իսկ բովանդակությունը տարածում է հիմնականում ռուսերեն։ Հանդիպում են նաև հայերենով նյութեր։ 

Այս ալիքում հաճախ հնարավոր է տեսնել ատելության խոսք, ռուսամետ դիրքորոշում ունի ու ինֆորմացիայի աղբյուր է համարվում պրոռուսական մեդիաների համար։ Այն ակտիվորեն քննադատում է պետական քաղաքականությունը՝ տարածելով նարատիվներ, թե «Փաշինյանի օրոք ամեն ինչ կանցնի Թուրքիային» կամ «երկիրը օկուպացված է Փաշինյանի կողմից»։ Միևնույն ժամանակ, գովաբանում է ընդդիմությանը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու նրանց առաջնորդած ուժերին։  Ալիքը առաջ է մղում այն թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի «միակ դաշնակիցն է», և իշխանություններին քննադատում է այդ շահերին հակասելու համար։

Արտապատկերումը՝ սոցիալական մեդիայից

Արդեն մայիսի 14-ին տեսանյութը հայտնվում է ֆեյսբուքյան տիրույթում, տարածողը Աբրասիմ Աթոյան անունով օտատերն է։ Էջի ուսումնասիրությունից երևում է, որ նա «Հայաստան» դաշինքի աջակից է, տարածում է այս ուժի ներկայացուցիչների տեսանյութերն ու այտարարությունները, կոչ անում ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ 

Այս տեսանյութը մայիսի 15-ից արդեն կարելի է տեսնել սոցիալական ցանցերի տարբեր հաշիվների մոտ (1, 2, 3, 4), իսկ ահա մայիսի 20-ից հայտնվում է որոշ լրատվամիջոցներում (1, 2, 3

Իսկ մայիսի 17-ին արդեն որպես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի քարոզչական տեսանյութ, ներկայացվել է հայաստանյան հեռուստաընկերություններին վճարովի եթեր ցուցադրելու համար, սակայն միայն Քոչարյանի հետ առնչություն ունեցող «5-րդ ալիքն» է ցուցադրել։ Մյուս հեռուստաընկերությունները հրաժարվել են եթեր տրամադրել այդ տեսանյութի համար, ինչը FIP.am-ին հաստատեցին նաև որոշ հեռուստաընկերություններ։

Արտապատկերումը՝ «5-րդ ալիքի» հեռուստատեսային եթերից

Ինչպե՞ս ակտիվացավ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը

«Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզի ակտիվ շրջանառությունը (մինչ այդ էլ այս թեզը շրջանառվում էր, բայց դոմինանտ չէր և քաղաքական զգուշացումներ դրա շուրջ չէին նչում, ինչպես այժմ է-խմբ․) սկսեց ռուսաստանաբնակ մեդիագործարար, Կրեմլի քարոզիչ Արամ Գաբրիելյանովի ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ վերջինը ապրիլի 29-ին գրել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան է ժամանել՝ քննարկելու 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման՝ «մեծ վերաբնակեցում ծրագրի ներքո»։

Կարդացեք նաև- «300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

Դրանից հետո արդեն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ու այլ ներկայացուցիչներ պարբերաբար սկսեցին հայտարարել (1, 2, 3, 4, 5, 6), թե Նիկոլ Փաշինյանը «վերընտրվելու դեպքում 300 000 ադրբեջանցիների է բնակեցնելու ՀՀ-ում»։   

Տեսանյութին կից սոցցանցային քննարկումները ընթանում են «անխուսափելի կորստի», վախի տրամաբանության շուրջ։ Տարածվող գրառումներում և մեկնաբանություններում 2018-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են որպես մեկ շարունակական գործընթաց՝ պատերազմից մինչև «ինքնության կորուստ» և «Հայաստանի ադրբեջանականացում»։ 

Տեսանյութը քննարկող օգտատերերը այն ավելի շատ ընկալում են ոչ թե որպես հիպոթետիկ սցենար, այլ՝ հնարավոր ապագայի պատկեր, ինչը ցույց է տալիս AI-գեներացված բովանդակությունն ունեցել է էմոցիոնալ ծանր ազդեցություն։ 

Այսպիսով, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ադրբեջանական թեզը դարձել է ակտիվ խոսույթ, իսկ կրեմլյան քարոզիչի՝ առանց փաստերի ներկայացրած գրառումից հետո՝ ընդդիմության քարոզչությունը կառուցվում է բոլոր հնարավոր ձևերով «300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման» հարցի շուրջ։ 

Հասմիկ Համբարձումյան

The post Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը  appeared first on FIP.AM.

Leave a comment