Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել վարորդին
Մայիսի 21-ին, ժամը 15:16-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարից կայծեր են նկատվում, վարորդը ներսում է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից ժայռին․ վարորդն արգելափակվել է։
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հատուկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։