Լրացվում է
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը այդ հարցի շուրջ երաշխիքներ է տալիս, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ իրենց իշխանության օրոք 300 000 ադրբեջանցի չի բնակեցվի Հայաստանում։ Այս մասին Փաշինյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարց հնչեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պարբերաբար պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 000 ադրբեջանից բնակեցվելու է ՀՀ-ում։
«Սուտ է։ Կալուգացի օլիգարխն ասել է՝ կանգնեմ ու ասեմ, որ այդ լուրը սուտ է, ես նստած եմ ասում։ Տալիս եմ երաշխիքներ ու դա կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որ ես ասում եմ՝ այն փակված է, այն չի շարունակվելու։ Ղարաբաղ վերադարձի հարցը չի լինելու, Նախիջևան վերադարձի հարցը չի լիենլու, Բաքու վերադարձի թեմա չի լինելու, Սումգայիթ վերադարձի թեմա չի լինելու, Եվլախ ու Կիրովաբադ վերադարձի թեմա չի լինելու, Գետաշեն վերադարձի թեմա չի լինելու և այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Սա շատ ակնհայտ է»,- նշեց Փաշինյանը։