Միլիոնավոր կանայք և տղամարդիկ պարբերաբար ներկում են իրենց մազերը՝ մոխրագույն մազերը թաքցնելու կամ արտաքին տեսքը փոխելու համար: Մաշկաբան-տրիխոլոգ Մոնիկա Աբակելիան ներկայացրել է մազերի ներկերի վտանգների և դրանք նվազագույնի հասցնելու եղանակների մասին:
Փորձագետի խոսքով, ներկանյութերը պարունակում են պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութեր՝ ջրածնի պերօքսիդ, ամոնիակ, ռեզորցինոլ և այլն: Այս բաղադրիչները գրգռում են գլխամաշկը և վնասում մազերի կառուցվածքը՝ դարձնելով մազի արմատը չոր և փխրուն: Ամիսներ և տարիներ շարունակ պարբերաբար ներկման արդյունքում ծայրերը ճյուղավորվում են, մազերը նոսրանում են ու կորցնում փայլը։
«Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր ներկման ընթացակարգ անմիջապես կհանգեցնի լուրջ հետևանքների։ Սակայն եթե կիրառվում է երկար ժամանակահատվածում, մազերի վիճակը իսկապես վատթարանում է»,- ասել է բժիշկը։
Հատկապես վտանգավոր են ալերգիկ ռեակցիաները: Առավել հաճախ հանդիպում են դանդաղ ռեակցիաներ, որոնք ներառում են քոր, կարմրություն և բշտիկների առաջացում:
Բժիշկը խորհուրդ է տալիս ներկելուց առաջ տանը ալերգիայի թեստ անցկացնել. ականջի ետևի մաշկին քսել ներկի փոքր քանակություն և սպասել երկու օր: Եթե կարմրություն չկա, ներկումը անվտանգ է: Սրահում մասնագետը պետք է առաջարկի թեստ անցկացնել նեկելուց 48 ժամ առաջ, բայց գործնականում դա հազվադեպ է արվում:
Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մազերը հնարավորինս քիչ ներկել, հնարավորության դեպքում ընտրել բնական ներկեր, խուսափել ամոնիակի վրա հիմնված ներկերից, ներկելուց հետո օգտագործել խոնավեցնող և վերականգնող դիմակներ, ինչպես նաև ընտրել բարձրորակ ներկեր։