ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագրել են «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է 264.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ֆինանսավորման կառուցվածքը Ստորագրված համաձայնագրի շրջանակներում հատկացվող միջոցները բաղկացած են երկու հիմնական մասից.
-
Ոչ արտոնյալ մասնաբաժին. 240 միլիոն ԱՄՆ դոլար՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ):
-
Արտոնյալ մասնաբաժին. 24.4 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրամաշնորհային միջոցների տեսքով՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)։
Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատված այս ծրագիրն ուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:
Հավելյալ դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր Հիմնական փաստաթղթից բացի, կողմերի միջև ստորագրվել են ևս երկու համաձայնագրեր.
ՎԶՄԲ հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Վարկային համաձայնագիր Ազգային Հիփոթեքային Ընկերության և Համաշխարհային բանկի միջև՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ՀՀ Կառավարության երաշխիքով:
Ազգային Հիփոթեքային Ընկերության մասով վարկային համաձայնագիրը ստորագրել են ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Ֆաբրիցիո Ձարկոնեն։ Դրան կից Երաշխավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից վավերացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի անունից՝ Ֆաբրիցիո Ձարկոնեն։