ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ ռուսական զինվորականները դիտավորյալ ուկրաինական անօդաչու սարքերը ուղղորդում են դեպի Բալթյան երկրներ՝  ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի օգնությամբ, նշում է Current time-ը։

«Մենք ականատես ենք լինում Բալթյան երկրներ անօդաչու սարքեր ուղարկելու, ապա քարոզչություն և կեղծ մեղադրանքներ տարածելու միտումնավոր փորձերի, թե, իբր, Բալթյան երկրները մասնակցում են Ռուսաստանում գտնվող թիրախների վրա հարձակումներին»,- Բուդրիսի խոսքերն է մեջբերել LRT-ն։

Լիտվայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Մոսկվան և Մինսկը պատասխանատվություն են կրում Բալթյան երկրների օդային տարածքը խախտելու և տեղի բնակիչների անվտանգությանը սպառնալու համար։

Մայիսի սկզբից ի վեր Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքներ է թռել առնվազն չորս անօդաչու թռչող սարք։ Ամսվա սկզբին անօդաչու թռչող սարքի միջադեպը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի Լատվիայում. վարչապետ Էվիկա Սիլինայի կոշտ քննադատությունից հետո պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հրաժարական էր տվել։ Հետագայում կառավարությունը փլուզվել էր և Սիլինան ինքը հրաժարական էր տվել։

Մայիսի 19-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կիևը պլանավորում է անօդաչու սարքեր արձակել Բալթյան երկրներից:

«Չնայած Լատվիայի՝ Մոսկվայի կողմից պատասխան հարվածի զոհ դառնալու մտավախություններին՝ Կիևի իշխանությունները համոզել են Ռիգային համաձայնվել գործողությանը»,- պնդում էր ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում ռազմական բազաներում: Ուկրաինական կողմը նշել է, որ անօդաչու սարքերը թռչում էին Բալթյան երկրներ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի գործողությունների պատճառով:

Լատվիայի իշխանությունները Մոսկվայի հայտարարությունն անվանել են «սուտ», իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ռուսական պնդումները «բացարձակապես աբսուրդային են, ծիծաղելի, և Ռուսաստանն ինքն էլ գիտի դա»։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերը Բալթիկայում են «ոչ այն պատճառով, որ Ուկրաինան ցանկացել է դրանք այնտեղ ուղարկել»։

«Դրանք այնտեղ են Ռուսաստանի անխոհեմ, անօրինական, լայնածավալ հարձակման պատճառով, որը սկսվել է 2022 թվականին»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment