ԵՄ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Իսրայելին՝ ակտիվիստներին ցուցադրող տեսանյութի համար


Եվրամիությունն ու ԱՄՆ-ը դատապարտել են Իսրայելին՝ ձերբակալված պաղեստինամետ ակտիվիստների տեսանյութի համար, որը հրապարակել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը:


X սոցիալական ցանցում նախարարի տեղադրած կադրերում երևում են Գազայի հատված ուղևորվող և իսրայելական ռազմածովային ուժերի կողմից գերեվարված «Սումուդ» մարդասիրական նավախմբի ակտիվիստները՝ ծնկաչոք վիճակում, Աշդոդի նավահանգստում՝ ձեռքերը մեջքին կապած ու գլուխները հատակին իջեցրած, իսկ Բեն Գվիրը նրանց միջև քայլում է իսրայելական դրոշով ու եբրայերենով բղավում. «Բարի գալուստ Իսրայել, մենք ենք այստեղ տերը»:


Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Նիդերլանդները, Բելգիան և Պորտուգալիան կանչել են Իսրայելի դեսպաններին, Իսպանիան կանչել է գործերի ժամանակավոր հավատարմատարին, քանի որ Իսրայելը ներկայումս դեսպան չունի Մադրիդում։


Եվրամիությունը նավախմբի ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը որակել է «լիովին անընդունելի»՝ կոչ անելով Իսրայելին ազատ արձակել ձերբակալվածներին։


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը որակել է «նվաստացուցիչ և անընդունելի»։


Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին Գազայի հատված ուղևորվող ակտիվիստների գործողություններն անվանել է «հիմար արարք», սակայն Բեն-Գվիրը, ըստ Հաքաբիի, «դավաճանել է իր ազգի արժանապատվությունը»։


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելի նախարարի այդ արարքը «հիմնարար կերպով հակասում է այն արժեքներին, որոնք Գերմանիան ձգտում է պահպանել Իսրայելի հետ համատեղ»։


Հրապարակումը դատապարտել են նաև Իսրայելում։ Երկրի արտգործնախարար Գեդեոն Սաարը X սոցիալական մեդիա հարթակում հրապարակավ նախատել է Բեն-Գվիրին՝ գրելով, որ նա «դիտավորյալ վնաս է հասցրել պետությանն այս ամոթալի շոուով» և «տապալել է բազմաթիվ մարդկանց՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներից մինչև արտաքին գործերի նախարարության աշխատակիցների, հսկայական մասնագիտական ​​ջանքերը»։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելն իրավունք ունի կանխել «սադրիչ նավախմբերի» անցումն իր տարածքային ջրերով դեպի Գազայի հատված։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ակտիվիստների նկատմամբ Բեն-Գվիրի վերաբերմունքը «չի համապատասխանում Իսրայելի արժեքներին»։


«Սումուդ» նավախումբը մայիսի 14-ին մեկնել էր Թուրքիայի Մարմարիս քաղաքից, իսկ մայիսի 18-ին Իսրայելի ռազմածովային ուժերը՝ Գազայի հատվածից մոտավորապես 250 ծովային մղոն հեռու գտնվող միջազգային ջրերում այն կանգնեցել են։ Կազմակերպիչների տվյալներով՝ ձերբակալվել է 428 մարդ ավելի քան 40 երկրից։

Leave a comment