Հայաստանում կսահմանվի ծնողական ժամ – 21.05.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Կառավարությունից վստահեցնում են, որ այս որոշումը հնարավորություն կտա համատեղել աշխատանքն ու ընտանիքը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանում երեխա ունեցող աշխատողների համար կսահմանվի ծնողական ժամ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը` ներկայացնելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում` խնամատար կամ որդեգրող ծնողն իրավունք կունենան օգտվել ծնողական ժամից։

Ի՞նչ է ենթադրում ծնողական ժամը. փոխնախարարի խոսքով` վերոնշյալ ծնողն իրավունք կունենա բացակայել աշխատանքից` աշխատավարձի պահպանմամբ։

«Ընդ որում` մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից»,– հայտարարեց Սմբատյանը` նշելով, որ այս նախագիծը վերաբերում է երկու ծնողին հավասարապես։

Այս որոշումը, ըստ նրա` հնարավորություն կտա համատեղել աշխատանքն ու ընտանիքը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հետագայում չի բացառվում, որ այս նախագիծը ենթարկվի լավարկումների և, օրինակ, ծնողը հնարավորություն ունենա կուտակել իր ծնողական ժամերը և օգտագործել, վերաբաշխել մեկ օրում։

Օրենքի այս փոփոխությունները կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Leave a comment