Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել

Կիևի՝ Եվրամիությանն անդամակցությունն արագացնելու պահանջին ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկում է Ուկրաինային տրամադրել ԵՄ-ի «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ: ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, որի տեքստը հասանելի է դարձել dpa լրատվական գործակալությանը, Մերցն առաջարկում է լարվածության մեջ գտնվող երկիրն ավելի սերտ ինտեգրել ԵՄ ինստիտուտներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այնուամենայնիվ, Ուկրաինան սկզբում չի ստանա ԵՄ-ի լիիրավ անդամակցության իրավունքներ, այդ թվում՝ քվեարկության իրավունք: Գերմանիայի կանցլերի նամակն ուղղված է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին, որը ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը:

Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը մոտ ապագայում անիրատեսական է։ Նա նշել է, որ անդամակցության գործընթացի կարճաժամկետ ավարտն անհնար է մի շարք անդամ պետություններում «անթիվ խոչընդոտների» և քաղաքականապես բարդ վավերացման ընթացակարգերի պատճառով։

Սակայն կանցլերն առաջարկում է անդամակցության բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցություններ սկսել հիմա և «անհապաղ»։ Նա ընդգծել է, որ առաջարկվող կարգավիճակը «թեթև ձևաչափով անդամակցություն չէ», այլ քայլ, որը զգալիորեն դուրս է գործող ասոցացման համաձայնագրից և կարագացնի բանակցային գործընթացը։

Մերցի ծրագրի համաձայն՝ Ուկրաինան կկարողանա մասնակցել Եվրոպական խորհրդի նիստերին, բայց առանց քվեարկության իրավունքի։ Ավելին, նախատեսվում է Եվրոպական հանձնաժողովի ասոցացված անդամի՝ առանց պորտֆելի և առանց քվեարկության իրավունքի, Եվրոպական խորհրդարանի ասոցացված անդամի՝ առանց քվեարկության իրավունքի, և Եվրոպական դատարանի ասոցացված դատավորի դերը՝ «զեկուցողի օգնականի» տեսքով։

Այս կարգավիճակի հաստատումը չի պահանջի անդամակցության պայմանագրի վավերացում՝ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև պայմանագրերում որևէ փոփոխություն. բավարար է «ամուր քաղաքական համաձայնությունը»։ Ֆրիդրիխ Մերցը նաև ընդգծում է, որ հատուկ կարգավիճակը կլինի «ուժեղ քաղաքական ազդանշան, որը Ուկրաինային և նրա քաղաքացիներին անհրաժեշտ է ռուսական ագրեսիայի դեմ իրենց շարունակական պայքարում»։

Ուկրաինան սկզբում վճարումներ չի կատարի ԵՄ բյուջե, ո՛չ էլ ուղղակիորեն միջոցներ կստանա դրանից: Այնուամենայնիվ, անմիջականորեն կառավարվող ծրագրերը կարող են աստիճանաբար բացվել՝ որոշակի պայմաններով: ԵՄ օրենսդրության ընդունումը նույնպես նախատեսվում է փուլ առ փուլ:

Առաջարկը հատուկ շեշտադրում է կատարում անվտանգության վրա: Մերցն առաջարկում է, որ Ուկրաինան իր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը լիովին համապատասխանեցնի Եվրամիության քաղաքականությանը: Անդամ պետությունները պետք է քաղաքական պարտավորություն ստանձնեն, ԵՄ մասին պայմանագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, Ուկրաինայի նկատմամբ կիրառելու փոխադարձ օգնության դրույթը՝ «էական անվտանգության երաշխիք» ստեղծելու, միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված խաղաղության բանակցությունները խթանելու համար:

Նախատեսվում է նաև պահեստային մեխանիզմ կամ կարգավիճակի կորստի վերաբերյալ կետ այն դեպքում, եթե Ուկրաինան խախտում է ԵՄ հիմնական արժեքները կամ լուրջ հետընթաց է գրանցում անդամակցության բանակցություններում։

Մյուս թեկնածու երկրների՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի և Մոլդովայի համար Մերցն առաջարկում է ոչ թե նույնական կարգավիճակ, այլ «նորարարական լուծումներ»՝ նրանց անդամակցության գործընթացներն արագացնելու համար։

Դրանք ներառում են միասնական շուկային արտոնյալ մուտք, ԵՄ ինստիտուտների առօրյա աշխատանքներին ավելի սերտ մասնակցություն և դիտորդի կարգավիճակ դաշինքի համապատասխան մարմիններում։ Մերցը պատրաստակամություն է հայտնել քննարկել իր գաղափարները պետությունների ղեկավարների ու ԵՄ ղեկավարության հետ և առաջարկել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ մանրամասները մշակելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment