«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են

Հասարակություն

21.05.2026 | 13:27

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ պայթյունի և հրդեհի երկու գործերը միավորվել են և կքննվեն մեկ վարույթով․ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, դատական գործընթացը կվերսկսվի։

«Երկու վարույթները միացվել են, քանի որ դատավորներից մեկը թոշակի է անցել, և գործը օդում չթողնելու համար՝ դատարանի նախագահը որոշել է դրանք միավորել մեկ դատավորի մոտ։ Արդեն իսկ նշանակվել է դատական նիստ՝ մայիսի 26-ին»,- Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին քրեական դատարանից։

Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Ողբերգական դեպքի հետևանքով 18 մարդ զոհվեց, Երևանի ԲԿ-ներ դիմեցին ավելի քան վեց տասնյակ մարդիկ։ Պայթյունը նաև զգալի նյութական վնաս էր պատճառել հարակից շրջաններում գտննվող շինություններին և կայանված մեքենաներին․ վնասն ընդհանուր գնահատվել էր 3,6 մլրդ դրամ։

Ռոզա Վարդանյան

Leave a comment