Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Քաղաքականություն

21.05.2026 | 12:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը, գրում է Turkiye today-ը։

Էրդողանն Իրանի հետ հրադադարի երկարաձգման որոշումը որակել է որպես «դրական զարգացում»՝ հավելելով, որ հավատում է՝ «վիճելի հարցերի ողջամիտ լուծումը հնարավոր է»։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների կարգավորման կառուցողական ջանքերին: Հայտարարության մեջ չի նշվում, թե որ կողմերն են ներգրավված հրադադարի համաձայնագրում, ինչպես նաև չեն տրամադրվել վիճելի հարցերի բնույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Սիրիայում կայունության ամրապնդումը «կարևոր ձեռքբերում կլինի ամբողջ տարածաշրջանի համար» և խոստացել, որ Անկարայի աջակցությունը Սիրիային կշարունակվի առանց ընդհատման։

Նա նաև մտահոգություն է հայտնել Լիբանանի վերաբերյալ՝ ընդգծելով այնտեղ պայմանների հետագա վատթարացումը կանխելու անհրաժեշտությունը։

Էրդողանը տեղեկացրել է Թրամփին, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները առաջընթաց են գրանցում, և որ ձեռնարկվում են առավելագույն ջանքեր, որ հավաքը բոլոր առումներով հաջողության հասնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment