Քաղաքականություն
21.05.2026 | 12:28
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը։ ՌԴ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածել է ՏԱՍՍ-ը , պնդում է արվում, թե The Insider-ը «օտարերկրյա գործակալ հրատարակություն» է։
«Բռնել «Մորուքից», ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի ինչ գործակալներ են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» հետաքննության մեջ ներկայացված փաստարկները ՌԴ ԱԳՆ-ի դիտարկմամբ «ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր և կազմակերպված սադրանք, որոնք նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ»։
«Այս կեղծ լուրի հեղինակները, ովքեր, ըստ երևույթին, այդքան ուշադիր ուսումնասիրել են դիվանագիտական առաքելության աշխատակիցների կենսագրական տվյալները, նույնիսկ չեն էլ փորձել կրկնակի ստուգել տեղեկատվությունը, թույլ տալով բազմաթիվ փաստական սխալներ և անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների «պրոֆեսիոնալիզմի» և տարրական գրագիտության մակարդակը», – պնդում է է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ Մոսկվայի՝ «The Insider-ը չի կարողանում ներկայացնել որևէ համոզիչ փաստ՝ մեղադրանքները հիմնավորելու համար։
«Սա «մոլդովական սցենարի» հստակ պրոյեկցիան է Հայաստանի վրա՝ ստեղծելով թշնամական, թունավոր մթնոլորտ Ռուսաստանի շուրջ և մաքրելով տեղական տեղեկատվական տարածքը մեր երկրին վերաբերող ամեն ինչից։ Մենք «Երևանում ռուս գործակալների» մասին վերջին «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և Հայաստանին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավի ևս մեկ դրվագ, որը հակասում է նրա սեփական ազգային շահերին», – ասվում է հայտարարությունում։
ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ի հրապարակած ծավալուն հետաքննության մեջ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը» համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից «դիվանագետները»։ Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։
Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։
Էմմա Չոբանյան