«Անշնորհակալ գործ է որևէ ժամկետ նշելը, որովհետև ժամկետի հետ կապված՝ որքան էլ որ Հայաստանի Հանրապետության ամբողջ գործընթացն ապահովվի, այդուհանդերձ, եվրոպական կողմի տիրույթում է գտնվում որոշման կայացումը»,- անդրադառնալով վիզաների ազատականացման ժամկետների մասին հարցին՝ ասաց ՀՀ նախարար Արփինե Սարգսյանը,- «Սա տրամաբանական է և ստանդարտ, որևէ նորություն չկա Հայաստանի Հանրապետության դեպքում։ Բայց ՀՀ-ի կողմից, բնականաբար, մեծ աշխատանք կա տանելու, և ես՝ որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, այս մասով իմ առջև նաև խնդիր եմ դրել, որ երկխոսության մեկնարկից հետո մենք հնարավոր սեղմ ժամկետում պիտի ապահովենք որակով և պատշաճ կերպով բոլոր գործողությունների կատարումը»։
Թեև նախարարը խուսափեց հստակ ժամկետ նշելուց, այնուամենայնիվ ընդգծեց՝ երկու-երեք տարվա կտրվածքով են իրենց առջև խնդիր դրել այս գործընթացն ապահովելու։
«Ընդ որում՝ ես չէի հավակնի նմանատիպ նույնիսկ ժամկետ հնչեցնելու, եթե պայմանական, այս պահի դրությամբ կենսաչափական համակարգի ներդրման արդեն վերջին փուլում չգտնվեինք։ Սա, իհարկե, մեր ներքին ժամկետներն են։ Բնական է, որ մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի այդ ժամկետները գնալով ավելի կրճատվեն, փորձենք ավելի սեղմ ժամկետում կատարել բոլոր միջոցառումները, բայց այդուհանդերձ՝ ես ուզում եմ չմոռանանք, որ մենք պիտի այս գործընթացն ապահովենք որակով և պատշաճ կերպով և չգեներացնենք տարբեր ռիսկեր»։
Անդրադառնալով արտագաղթի ցուցանիշների մասին հարցին Արփինե Սարգսյանը նշեց, որ արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են։ «Եթե մենք և նաև եվրոպական կողմը ընկալեր և գնահատեր, որ կան արտագաղթի ռիսկեր, ես վստահեցնում եմ, որ մենք այս կետին ուղղակի չէինք հասնի։ Սրա համար հիմք են տալիս մի քանի փաստեր։ Առաջինը, որ 2023 թվականն առաջին տարին է, որ մենք միգրացիոն ոլորտում արձանագրել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի դրական տարբերություն՝ դրական միգրացիոն սալդո, որը կազմել է 8660։ Այսինքն, եթե խոսեինք արտագաղթի ռիսկերի մասին, մենք կշարունակեինք բացասական դինամիկա արձանագրել այս ոլորտում։ Երկրորդը, որ մենք Եվրոպական միության հետ բնականաբար ռեադմիսիոն (հետընդունման) տարբեր համաձայնագրեր ունենք, որոնց շրջանակներում մենք արձագանքում ենք ցանկացած անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում Եվրոպական միության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ հայտերը, որոնց գերակշիռ մեծամասնությունը դրական են, այսինքն՝ մենք դրական ենք արտահայտվել և գտել ենք, որ պիտի ստանձնենք այդ հանձնառությունը՝ հետ ընդունելու մեր քաղաքացիներին։ Եվ երրորդ փաստարկը՝ մենք նաև ուշադրություն ենք դարձնում Եվրոպական միություն գնացող ապաստանի հայցերին։ 2016 թվականին այս առումով ունեցել ենք բավական անցանկալի ցուցանիշ՝ Եվրոպական միությանը ապաստանի վերաբերյալ հայտեր են ներկայացրել 7795 անձինք։ 2024 թվականին ԵՄ-ում ապաստանի դիմում է ներկայացրել արդեն 5130 ՀՀ քաղաքացի, այսինքն՝ տեմպերը նվազել են»։
Մանրամասները՝ տեսանյութում։