Ադրբեջանը կրկին խաղաղության պայմանագիրը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել է, թե խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ, Բաքվի պնդմամբ, առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մամեդովը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է սահմանադրական հանրաքվե, ինչից հետո արդեն հնարավոր կլինի վերջնականապես ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Իրավաբանորեն ի՞նչ դրույթների մասին է խոսքը, և արդյո՞ք մեկ այլ պետություն կարող է փաստացի պահանջել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը՝ որպես խաղաղության պայմանագրի նախապայման։ MediaHub-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը հայտնեց, որ նման պահանջները ինքնին հակասում են պետական ինքնիշխանության գաղափարին։
«Ոչ մի պետություն իրավունք չունի մեկ այլ ինքնիշխան պետությունից պահանջել սահմանադրական փոփոխություններ։Մեր սահմանադրությունը գրված է և գործում է մեր երկրի, ժողովրդի հավաքական գոյը ճիշտ կազմակերպելու համար, և եթե պետք է Թուրքիան կամ Ադրբեջանը որոշեն մեր երկրի սահմանադրության դրույթները, թե մեր սահմանադրության դրույթներում ինչ պետք է լինի, ինչ պետք է չլինի, բնականաբար, այս պայմաններում ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։ Ենթադրվում է, որ նրանք նկատի ունեն Անկախության հռչակագրի հղումը։ Իսկ առանց Անկախության հռչակագրի սահմանադրություն լինել չի կարող, որովհետև դա է ապահովում մեր պետության լեգիտիմ հիմքը, և եթե մենք դրանից հրաժարվում ենք, ապա հրաժարվում ենք մեր անկախության լեգիտիմ իրավական հիմքից և դառնում ենք պետություն, որը ստեղծվել է անորոշ ինչ-որ հիմքի վրա։ Բնականաբար մեզ որ ոք իրավունք չունի թելադրելու, թե մեր սահմանադրության մեջ ինչ որոշենք քանի որ սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է հանրաքվեի միջոցով, դրա միակ տերը համարվում է ժողովուրդը, և ժողովուրդը պետք է որոշի սահմանադրության ճակատագիրը»,- ասաց սահմանադրագետը։
Հարցին՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրում՝ առանց սահմանադրական փոփոխությունների, և ի՞նչ իրավական ռիսկեր կարող են առաջանալ այդ դեպքում, սահմանադրագետը պատասխանեց՝ խաղաղությունը որևէ փաստաթղթով երաշխավորվող երևույթ չէ։
«Խաղաղություն կոչված երևույթը ամբողջապես հեքիաթ է, և խաղաղության համար սահմանադրություն փոխելը մանկամտություն է։ Ոչ Պուտինը, ոչ Թրամփը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Էրդողանը, ոչ Ալիևը չեն կարող երաշխավորել խաղաղություն։ Ցանկացած պետություն որոշակիորեն կարող է երաշխավորել անվտանգության ինչ-որ մակարդակ, որ պատերազմի դեպքում կապահովվի որոշակի մակարդակի անվտանգություն։ Իսկ պատերազմը ոչ մեկի որոշելիքը չէ և ոչ մեկից կախված չէ։ Եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներն ենք նայում, մոլորակի վրա տարվա 365 օրերից միայն 3 օրն է խաղաղ, մնացած օրերին պատերազմներ են ու զինված ընդհարումներ, և հիմա այս պարագայում որևէ մեկը որևէ փաստաթղթով որևէ մեկին չի կարող երաշխավորել խաղաղություն»,- ասաց Այվազյանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող քաղաքական և ընտրական գործընթացներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ընտրողը «ճիշտ ընտրություն» կկատարի։ Թե ինչու է Ադրբեջանը նման ուշադրությամբ հետևում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այն քաղաքական շահեր է հետապնդում։
«Ցանկացած պետություն մեկ այլ պետության հետ հարաբերություններ կառուցելու, զարգացնելու առումով ունի որոշակի սիմպատիաներ ու հակակրանքներ։ Այդպես գնահատում են, որ եթե իրենց նախընտրած թեկնածուն ընտրվի, իրենց աշխատանքն ավելի հարմարավետ կլինի տվյալ ղեկավարի հետ և ավելի հեշտ կլինի»,- ասաց նա։
Իսկ արդյո՞ք Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները նրան մեղադրում են Բաքվի պահանջներին հեշտությամբ համաձայնելու մեջ։ «Ես էլ եմ կարծում, որ նրանց համար լավ կլինի, որ Փաշինյանը ընտրվի, որովհետև նա է նրանց հետ կառուցել հարաբերություններ, խաղաղության պայմանագրի նախաստորագրում, և դա նորմալ է, բնականոն աշխատանքային գործընթաց է՝ իրենց կարծիքը հայտնել»,– եզրափակեց խոսքը սահմանադրագետը։
Ալիտա Եղիազարյան