Ռուսաստանը գերտերություն է, և նրան պետք է ակնածանքով վերաբերվել. Փաշինյան

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունի, ու ոչ մի քայլ չի արվի ի վնաս Ռուսաստանի։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու։ Այդ մասին այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները։ ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս ՌԴ նախագահն ավելի շատ կոնտակտներ է ունեցել որևէ այլ լիդերի հետ, քան ինձ հետ։ 200–ից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել: Դա նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս խոսել ենք։ ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք»,– ասաց Փաշինյանը:

Նա ընդունում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը չի կարող հավասարը հավասարի հետ հարաբերություններ ունենալ. Ռուսաստանը գերտերություն է և նրան պետք է հարգանքով, ակնածանքով վերաբերվել։

«Ես այդպես էլ վերաբերվում եմ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՌԴ նախագահին և կառավարության ղեկավարին։ Ես նորից եմ ասում` մենք ոչինչ չենք արել և չենք անելու ի վնաս Ռուսաստանի շահերի, սակայն նաև մենք չենք կարող մեր շահերը Ռուսաստանի շահերից ցածր դասել»,– եզրափակեց Փաշինյանը։

Leave a comment