Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին


Մայիսի 19-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։


 


Նախարարությունից հայտնում են՝ բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների և արձանագրել շոշափելի արդյունքներ։


 


Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին և արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման և սարքավորումների մատակարարման գործընթացը։


 


Անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։


 


Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։


 


Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում, ի թիվս ոստիկանների և փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, առանձնահատուկ կարևորվել են նաև սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։


 


Քննարկվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական և վերազինման աշխատանքների ընթացքին։


 


Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։


 

Դիտումների քանակ15

Leave a comment