ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին առաջարկել է միավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Միջազգային քրեական դատարանի դեմ, հաղորդել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ անցյալ շաբաթ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն ՄՔԴ-ին դեմ լինելու հարցում և պետք է միավորվեն կազմակերպության դեմ։
Թերթը չի ներկաացրել Սի Ծինպինի արձագանքը պարոն Թրամփի առաջարկին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը ՄՔԴ-ի կողմեր չեն, ինչը նշանակում է, որ նրանք չեն ենթարկվում դրա իրավասությանը և չեն ճանաչում դրա որոշումները։
2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Ուկրաինայից երեխաների անօրինական արտաքսման համար։
2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումից հետո հրեական պետությունը մեղադրվել է պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ։ Օրդերին ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը 2025 թվականի փետրվարին պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի նկատմամբ՝ մեղադրելով կազմակերպությանը ամերիկացիներին և նրանց մերձավոր դաշնակիցներին անօրինական կերպով թիրախավորելու մեջ։ Հրամանագրում նշվել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «ծաղկուն ժողովրդավարություններ են՝ զինված ուժերով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»։