Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով

Քաղաքականություն

19.05.2026 | 14:27

Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացն ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար։ Այս գործընթացը կարևոր քայլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ  նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով «Քաղաքները փոխկապակցվածության կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բաքվում Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանի շրջանակում:

«Երկարատև հակամարտության ավարտից և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումից հետո տարածաշրջանը տարիների անկայունությունից անցնում է խաղաղության և համագործակցության իրական հնարավորությունների»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ըստ Բայրամովի՝ «ազատագրված տարածքներում» մոտավորապես 15 միլիարդ դոլար ներդնելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս տարածաշրջանում հակամարտության  էջը փակելու իր անկեղծ հետաքրքրությունը։

Նա նաև ասել է, որ 2025 թվականի օգոստոսին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը հիմք է դրել TRIPP նախագծին, որը «ոչ միայն կապահովի անխափան բազմամոդալ կապը Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև կստեղծի նոր ռազմավարական կապ Ասիայի և Եվրոպայի միջև՝ երկաթուղիների, մայրուղիների, էներգետիկ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և օպտիկամանրաթելային մալուխների միջոցով»։

Բայրամովը նաև նշել է, թե Հորադիզ-Աղբենդ երկաթուղին ու նոր Կարս-Իգդիր-Դիլուջու գիծը կլրացնեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և կամրապնդեն Ասիայի ու Եվրոպայի միջև տրանսպորտային կապերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment