Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը

ԱՄՆ Օքլենդի (Քալիֆորնիա) դաշնային դատարանը մերժել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի աղմկահարույց դատական ​​հայցը OpenAI-ի և դրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ: Այս մասին հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ինը ատենակալներ միաձայն որոշել են, որ Մասկը չափազանց երկար է հետաձգել հայցի ներկայացումը և բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը։

Դատաքննությունը տևել է երեք շաբաթ, սակայն վճռից առաջ ատենակալների խորհրդակցությունները տևել են երկու ժամից էլ պակաս։ Ատենակալները  խորհրդատվական  դեր են կատարել, սակայն, ի վերջո, դատավոր Իվոն Գոնսալես Ռոջերսը նույնպես մերժել է Մասկի պնդումները։

Իլոն Մասկը OpenAI-ի համահիմնադիրն է, որը գործարկվել է 2015 թվականին և ավելի ուշ ստեղծել ChatGPT-ն։ Ընկերության գործունեության սկզբնական տարիներին Մասկը ներդրել է 38 միլիոն դոլար։ Ավելի ուշ նա OpenAI-ի գործադիր տնօրեն Ալթմանին և նրա առաջին տեղակալ Գրեգ Բրոքմանին մեղադրել է ընկերության առաքելությունն իր մեջքի հետևում փոխելու մեջ՝ այն վերափոխելով շահույթ հետապնդող ձեռնարկության։

Մասկը սոցիալական ցանցերում գրառում է արել, որ բողոքարկելու է որոշումը։ Նա պնդում է, որ դատավորն ու ատենակալները չեն քննարկել գործի էությունը՝ փոխարենը կենտրոնանալով դատական ​​հայց ներկայացնելու «պաշտոնական օրացույցի» վերջնաժամկետների վրա։

«Նրանց համար, ովքեր ուշադիր հետևել են այս գործին, կասկած չկա, որ Ալթմանը և Բրոքմանն իսկապես հարստացել են՝ գողանալով բարեգործական հիմնադրամից միջոցներ։ Միակ հարցն այն է, թե Ե՞ՐԲ են նրանք դա արել»,- նշել է միլիարդատերը։

Ալթմանը, իր հերթին, պնդում է, որ Մասկն աջակցել է OpenAI-ի առևտրային ընկերության վերափոխմանը և ծրագրում է ապագայում վերահսկել այն։

2018 թվականին Մասկը հրաժարական տվեց OpenAI-ի տնօրենների խորհրդից և սկսեց մշակել իր սեփական նախագծերը։ Դրանցից մեկը ChatGPT-ի մրցակից X սոցիալական ցանցում արհեստական ​​բանականության Grok չաթբոտն է։

Մասկի հեռանալուց հետո OpenAI-ը ֆինանսավորում է ներգրավել Microsoft-ից և վաճառել բաժնետոմսերի մի մասը։ Այնուհետև ընկերությունը շուկա է մուտք գործել ChatGPT-ի միջոցով՝ վաստակելով միլիարդավոր դոլարներ։

Հայցում Մասկի փաստաբանները ենթադրել էին, որ OpenAI-ը ներկայում գնահատվում է մոտավորապես 500 միլիարդ դոլար։ Մասկը պնդում է, որ սա իր ներդրումներից ստացված անօրինական շահույթ է, հետևաբար, պահանջել է, որ OpenAI-ն իրեն վճարի 65,6 միլիարդից մինչև 109,43 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ը՝ 13,3 միլիարդից մինչև 25,06 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment