Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել

Քաղաքականություն

18.05.2026 | 16:29

Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է միջուկային զենքի մարտական ​​կիրառման և միջուկային աջակցության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին, գրում է Meduza-ն։

Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ վարժանքների նպատակն է «ստուգել զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պատրաստվածությունը՝ չպլանավորված տարածքներից մարտական ​​գործողությունների կատարման և մարտական ​​կիրառման կազմակերպման համար»։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի գաղտնիության հարցերի, զգալի հեռավորությունների վրա տեղաշարժի և ուժերի ու միջոցների կիրառման հաշվարկների  վրա։

Զորավարժություններն անցկացվում են ռուսական կողմի հետ համատեղ, որի հետ «նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի մատակարարման և դրա օգտագործման նախապատրաստման հարցերը»։

Բելառուսի ՊՆ-ն ընդգծել է, որ զորավարժությունները կրում են պլանային բնույթ, «ուղղված չեն երրորդ երկրների դեմ և չեն ներկայացնում որևէ սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի մարտի վերջին հայտարարեց Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին: Այնուհետև նա հայտնեց, որ Բելառուսում արդեն տեղակայված են «Իսկանդեր» հրթիռային համակարգ և մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։

Ռուսաստանը պնդում է, որ չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, քանի որ նման զենք չի փոխանցում Բելառուսին, այլ պարզապես տեղակայում է այն իր վերահսկողության ներքո՝ բելառուսական տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment