ՄԻՊ–ը վտանգավոր է համարում քարոզարշավին վիրավորանք և բռնություն քարոզող խոսույթը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը։ Այս մասին նա այսօր հայտարարություն է տարածել։

«Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ»,– նշել է նա։

Ըստ Մանասյանի` նման խոսույթը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։ ՄԻՊ–ն առանձնակի մտահոգիչ է համարել այն, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։

Մանասյանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։

Նշենք, որ այսօր վիրավորանքի ու բռնություն քարոզող խոսույթ է հնչել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա Երևանի Արաբկիր վարչական շրջանում մի քանի անգամ վիճաբանության մեջ է մտել մարդկանց հետ, վիրավորել, սպառնալիքներ հնչեցրել։

Leave a comment