«Արայիկնոցը» կատարյալ սոցցանց էր «անալոգային» դարաշրջանում»

ReArmenia հարթակում սկսել է միջոցների հավաքագրումը «Ռոք-ատելյե-Արայիկնոց» վավերագրական ֆիլմի նկարահանման համար, որը պատմում է լեգենդար երևանյան լուսանկարչական ատելյեի եւ դրա տնօրեն Արայիկ Միսակյանի պատմությունը: 1980-ականների վերջում «Արայիկնոցը» դարձել էր երաժիշտների, նկարիչների եւ այլընտրանքային մշակույթի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հավաքատեղին։
Նախաձեռնության հեղինակներն են  ռեժիսոր Անդրեյ Այրապետովը, մոսկովյան Ալեքսեյ Կոզլովի ակումբի տնօրեն Արայիկ Հակոբյանը եւ պրոդյուսեր Միխայիլ Բոգանովը:
Մեդիամաքսը զրուցել է Անդրեյ Այրապետովի հետ:
– Հիշո՞ւմ ես քո առաջին օրդ Արայիկ Միսակյանի մոտ։ Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ։
– Առաջին անգամ «Արայիկնոցում» հայտնվեցի երաժշտության սիրահար լինելուս շնորհիվ։ 80-ականներին ամեն ամառ գնում էի տատիկիս ու պապիկիս մոտ՝ Վիբորգ, իսկ հանգստյան օրերին այնտեղից էլեկտրագնացքով մեկնում էի Լենինգրադ՝ կրպակներում ռոք-երաժշտությամբ կասետներ ձայնագրելու։ Մեկ ամառվա ընթացքում պետք է ամբողջ տարվա երաժշտական պաշար հավաքեի՝ պահածոների նման։
Երբ այդ մասին պատմեցի երեւանյան ռոք-ընկերներիս, զարմացած նայեցին ու ասացին. «Ինչո՞ւ ես մի տարի սպասում՝ «Արայիկնոց» կա»։ Այդպես առաջին անգամ հայտնվեցի Արայիկ Միսակյանի լուսանկարչատանը։
Մտա ու հարցրի «Ակվարիում» խմբի մասին։ Արաիկն դեմքն այնպես ծռմռեց, կարծես ԽՄԿԿ XXV համագումարի ձայնագրությունն ուզած լինեի։ Մի քիչ մտածելուց հետո «Ակվարիումի» փոխարեն ինձ առաջարկեց «Woodstock»-ը. «Այնտեղ էլ են լիքը ակուստիկ կիթառ նվագում»։ Տվեցի մաքուր կասետը, իսկ երեք օր անց ստացա «Woodstock» փառատոնի իննսուն րոպեն։ Կասետը խնամքով ձեռքով մակագրված էր, եւ նույնիսկ կազմ ուներ։ Այդպես «Ակվարիումի» փոխարեն իմ կյանքում հայտնվեցին «Woodstock»-ը, Արայիկն ու «Արայիկնոցը»։
– Իսկ ինչպե՞ս «Արայիկնոցի» մշտական այցելու դարձար։
– Արդեն չեմ հիշում, թե որքան արժեր այդ «Woodstock»-ի կասետը, բայց երեւի թանկ չէր, քանի որ դրանից հետո սկսեցի ավելի ու ավելի հաճախ այցելել «Արայիկնոց»։ 
Սկզբում՝ շաբաթը մեկ, հետո արդեն աշխատանքի պես էի գնում։ Մարդիկ գալիս էին կասետների կամ լուսանկարների հետեւից, բայց արդյունքում մնում էին՝ ժամերով զրուցելով։ Մեկը վինիլային սկավառակ էր բերում, մեկը՝ նորություններ։ Այդպես բոլորը ծանոթանում էին։ Սկզբում երկու-երեք հոգի էինք, հետո՝ տասը, հետո շատացանք։ 
Երբ լուսանկարչատանը չափից շատ մարդ էր հավաքվում, Արայիկը մեզ դուրս էր անում. լուսանկարչատունը պետք է նաեւ իր բուն գործով զբաղվեր։ Այդ ժամանակ մեր խումբը տեղափոխվում էր «Պոպլավոկ» կամ «Կոզիրյոկ» սրճարաններ, որտեղ զրույցները շարունակվում էին արդեն սուրճի ու գինու շուրջ՝ այն զգացողությամբ, որ առջեւում մեզ անպայման մի մեծ ու վեհ բան է սպասվում։ Այդպես աստիճանաբար ձեւավորվեց մեր փոքրիկ «ռոք-եռանկյունին»՝ «Արայիկնոց», «Պոպլավոկ» եւ «Կոզիրյոկ»։ Դրա ներսում ամեն ինչ միախառնվել էր՝ երաժշտությունը, լուսանկարները, ընկերությունը, սերը, վեճերը, արվեստն ու փողի իսպառ բացակայությունը։
– Կարելի՞ է պնդել, որ հենց «Արայիկնոցն» է նպաստել Երեւանում ռոք «տուսովկայի» ձեւավորմանը։
– Երեւանում ռոք «տուսովկա» կար 60-ականներին ու 70-ականներին։ Արայիկ Միսակյանը պատանի էր, երբ գնում էր երեւանյան բիթ-խմբերի համերգներին։ Բայց հենց 80-ականների երկրորդ կեսից «Արայիկնոցը» դարձավ քաղաքի գլխավոր ռոք-վայրը։ 
Բոլոր ճանապարհները տանում էին այնտեղ կամ մեկնարկում այնտեղից։ Այնտեղ հանդիպում էին համերգներից առաջ, համերգներից հետո եւ համերգների փոխարեն։ 
Արաիկն երեւանյան այդ ոչ ֆորմալ տիեզերքի մասնակիցների անվերջ խմբակային լուսանկարներ էր անում։ 
80-ականների վերջի եւ 90-ականների սկզբի երեւանցի ռոքերների մի ողջ սերնդի համար «Արայիկնոցն» իրոք տիեզերքի կենտրոնն էր։ Դա ձգողության կենտրոն էր ու ռոք-կենտրոնակայան։
– Արայիկ Միսակյանի հետ կապված հիշողություններից որո՞նք կառանձնացնես։
– Հաճախ էի հետեւում Արայիկի աշխատանքին։ Չնայած, որ նա ամենաառաջադեմ երաժշտություն էր լսում, լուսանկարում էր այնպես, ասես պատուհանից այն կողմ 20-րդ դարի սկիզբն էր։ Ստուդիայում դրված էր հսկայական լուսանկարչական ապարատ՝ սեւ ծածկոցով. ավելի շուտ ոգիներ կանչելու մեքենա էր հիշեցնում, քան տեսախցիկ։ Արայիկն այն ժառանգել էր հորից՝ ստուդիայի հետ միասին։ Ու թեեւ այդ ժամանակ նկարելու ավելի ժամանակակից ձեւերը հասանելի էին, Արայիկն ակնհայտորեն վայելում էր հենց այդ դանդաղ մոգությունը։ Երկար տեղավորում էր մարդկանց կադրում, հետո ծածկվում սեւ սավանով ու անհետանում տեսախցիկի ներսում՝ ասես աճպարար լիներ։ Մի քանի վայրկյան անց այնտեղից լսվում էր. «Չշարժվե՛լ»։ Այդ պահին նույնիսկ ամենաանհանգիստ ռոքերները քարանում էին՝ ասես անձնագրի համար նկարվելիս լինեին։ Նկարելուց հետո Արայիկը հանում էր հսկայական լուսանկարչական թիթեղը եւ տանում էր մութ սենյակը. դա գրեթե առասպելական վայր էր, որտեղ քչերն էին հայտնվում։ Այնտեղ՝ քիմիական նյութերի հոտի ու կարմիր լույսի ներքո, աստիճանաբար ի հայտ էին գալիս մեր ընկերների դեմքերը, ասես հենց հիշողությունն էր արտապատկերվում լուսանկարչական թղթի վրա։ Հետո, երբ լուսանկարները պարաններին կախված մնալուց հետո չորանում էին, Արաիկը ծանր մամլիչով կտրատում էր դրանք ու դասավորում անվանական ծրարների մեջ։
Այն ժամանակ չէի հասկանում, որ պարզապես լուսանկարչի աշխատանքի վկա չեմ։ Արայիկն ինձ՝ որպես ապագա ռեժիսորի, կարեւոր բան էր սովորեցնում. նկարահանման, մոնտաժման մեջ եւ ընդհանրապես արվեստում՝ ընթացքը նույնքան կարեւոր է, որքան արդյունքը։
– Ի՞նչ ես կարծում. նա իրեն այդ միջավայրի ո՞վ էր համարում. ավագ ընկե՞ր, մենթո՞ր, թե նման սահմանումներ չէր փնտրում։
– Կարծում եմ՝ նրան պարզապես հետաքրքիր էր իրեն շրջապատել համախոհներով։ Թեեւ մենք տարբեր սերունդներից էինք, Արաիկը, հավանաբար, ուրախանում էր՝ տեսնելով, թե ինչպես են իր հետաքրքրությունները շարունակվում մեր՝ գրպաններում կասետներ պահող այդ երկարամազ դեռահասների մեջ։ Նա տեսնում էր, որ երաժշտությունը, լուսանկարները, ձայնապնակների շապիկներն ու այդ ողջ տարօրինակ ռոքնռոլյան աշխարհը, որը ժամանակին իրեն էր լիցքավորում, երիտասարդների վրա դեռ ազդում է համարյա էլեկտրականության նման։ Իսկ դա նշանակում էր, որ այդ ամենի մեջ իրոք ինչ-որ իսկական բան կար, եթե դիմացել էր ժամանակի ու խորհրդային իրականության փորձությանը։ Իհարկե, Արայիկը նաեւ հնարավորություն էր ստանում իրագործել իր լուսանկարչական ֆանտազիաները, որոնք երբեք չէին կարող հայտնվել սովորական ստուդիական լուսանկարչության մեջ՝ կաշկանդված հարսանեկան զույգերի ու փաստաթղթերի համար արվող դիմանկարներով։
Մենք նրա համար «արվեստի փորձաճագարներ» էինք։ Ինչպես իսկական ռեժիսորը, նա երբեք չափից ավել չէր մտերմանում իր «դերասանների»՝ մշտական հաճախորդների հետ։ Սարկազմի, հեգնանքի եւ երբեմն բավականին կոշտ կատակների օգնությամբ նա տարածություն էր պահում՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին անհրաժեշտ է օբյեկտիվի եւ նկարահանվող օբյեկտի միջեւ, որպեսզի պատկերը հստակ ստացվի։
– Ինչպե՞ս առաջացավ «Ռոք-ատելյե՝ Արայիկնոց» ֆիլմի գաղափարը եւ ո՞ր փուլում է այն գտնվում:
– Իրականում ֆիլմի գաղափարը ծնվել էր դեռ 90-ականներին, երբ սովորում էի ВГИК-ում։ Այն ժամանակ ուսումնական սցենարական հայտ էի ներկայացրել։ Հետո եկան 2000-ականները ու որոշեցի այդ հայտը լիարժեք գեղարվեստական ֆիլմի սցենարի վերածել։ Ցավոք, գաղափարն իրականացնել չհաջողվեց։ Բայց, ինչպես հաճախ  պատահում է իսկական պատմությունների հետ, այն ոչ մի տեղ չանհետացավ, այլ սկսեց գաղտնի ներթափանցել իմ այլ ֆիլմերի մեջ։
Այդ սցենարի հետքերը կարելի է տեսնել եւ՛ Արտեմի Տրոիցկու մասին պատմող «Քննադատը» ֆիլմում, եւ՛ «Կինո» խմբի մասին «Կինո-ֆիլմում»։ Իսկ անցյալ տարի ինձ զանգահարեց իմ հին ընկերը եւ «Արայիկնոցի» մշտական այցելու Արայիկ Հակոբյանը՝ Ալեքսեյ Կոզլովի ակումբի տնօրենը, ու առաջարկեց վերջապես վավերագրական ֆիլմ նկարել «Արայիկնոցի» մասին։ Ու ես նորից բորբոքվեցի այդ գաղափարով, ասես ինչ-որ մեկը երեսուն տարի անց վերջապես շրջեց կասետը «Բ» կողմի վրա։
Սկսեցի նյութեր հավաքել, նորից նայել լուսանկարները, հիշել մարդկանց ու փորձել հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի այս ֆիլմը։ Այդպես հայտնվեց ապագա նախագծի թրեյլերը՝ ավելի շուտ մի ուրվագիծ, սխեմա, ինտոնացիան շոշափելու փորձ։ 
Բայց հենց այդ ժամանակ առաջին անգամ զգացի. կարծես թե այս ֆիլմն, այնուամենայնիվ, ուզում է նկարահանված լինել։ Նախագծին միացավ Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով). նա կլինի ֆիլմի համահեղինակը եւ կվարի հարցազրույցները։ Ֆիլմում կօգտագործվեն նաեւ նկարիչ Դմիտրի Մկրտչյանի նկարները։ Երկուսն էլ «Արայիկնոցի» մշտական այցելու էին։
– Որքան գիտեմ, ֆիլմում օգտագործվելու են Արայիկի արխիվային նյութերը, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել։
– Այո՛, Արայիկ Միսակյանի ժառանգների մոտ պահպանվել են նեգատիվներ ու լուսանկարներ, որոնք նախկինում գրեթե ոչ ոք չէր տեսել։ Եվ դրանք, իհարկե, պարզապես ժապավեններով լի հին տուփեր չեն։ «Արայիկնոցի» հայտնի լուսանկարները, որոնք վաղուց տարածվել են ձեռքից ձեռք, ընդամենը մի քանի տասնյակն են։ Իսկ արխիվում կան հազարավոր կադրեր։ Հազարավոր դեմքեր, սանրվածքներ, բաճկոններ, հայացքներ, սիգարետներ, մագնիտոֆոններ ու պատահական պահեր, որոնք այն ժամանակ հեչ բան էին թվում, իսկ հիմա հանկարծ պատմություն են դարձել։ Չափազանց հետաքրքիր է այդ ամենը տեսնելը, որովհետեւ յուրաքանչյուր նման նեգատիվ մի փոքրիկ ժամանակի մեքենա է։ 
Չէ՞ որ ոչ ոք հատուկ «դարաշրջան» չէր նկարում։ Բոլորն ուղղակի ապրում էին, երաժշտություն լսում, սիրահարվում, վիճում, լուսանկարվում։ Իսկ հետո հանկարծ պարզվեց, որ հենց այդպիսինն է անհետացած ժամանակը։ Ինձ թվում է՝ կարեւոր է այս արխիվը ոչ թե պարզապես ցույց տալ մարդկանց, այլ հայտածել ինչպես հին լուսանկարը մութ սենյակում։ Որովհետեւ այնտեղ թաքնված է պատմության մի հսկայական ու չբացահայտված շերտ, որը մինչ օրս մնում է մթության մեջ ու սպասում է իր լույսին։ Կցանկանայի նաեւ օգտագործել այն ժամանակվա երեւանյան ռոք-խմբերի երաժշտությունը եւ այդ դարաշրջանի երեւանյան «սամիզդատի» նյութերը։
– Պարզ է, որ ֆիլմը հետաքրքիր կլինի «Արայիկնոցի» երբեմնի այցելուներին։ Արդյո՞ք հույս ունես գրավել երիտասարդների ուշադրությունը, ովքեր երբեք այնտեղ չեն եղել եւ լավագույն դեպքում միայն պատմություններ են լսել այդ վայրի մասին։
– Ինձ թվում է՝ «Արայիկնոցը» սոցիալական ցանցի կատարյալ օրինակ է նախաինտերնետային՝ «անալոգային» դարաշրջանում։ Այնտեղ լայքեր էին դնում, «ֆրենդներ» ընդունում ու հեռացնում «ֆրենդներից»։ Այստեղ ծնվում էին ռոք-խմբեր, սիրավեպեր, ստեղծագործական միություններ, իսկ երբեմն՝ լիարժեք ամուսնություններ ու ծեծկռտուկներ։ YouTube-ի փոխարեն Արաիկի վիդեոկասետներն էին, Spotify-ի փոխարեն՝ տասն անգամ վերաձայնագրված կասետները, իսկ լրատվական կայքերի փոխարեն՝ «Արայիկնոցի» ապակյա դուռը, որի միջով երեւում էր այն ամենը, ինչ կատարվում էր փողոցում։ Իսկ 80-90- ականներին փողոցում շատ բան էր կատարվում։ 
Դա կենդանի ինտերնետ էր՝ առանց գաղտնաբառերի, ալգորիթմների ու «ծանուցումներն անջատելու» հնարավորության։ Այսօր հատկապես տարօրինակ է տեսնել, որ 80-ականների «ոչ ֆորմալների» համազգեստը՝ կաշվե «կոսուխաները», պատռված ջինսերն ու Dr. Martens կոշիկները վաղուց վերածվել են համաշխարհային մեյնսթրիմի։ Այն ամենը, ինչի համար այն ժամանակ փողոցներում հալածում էին ու ոստիկանություն տանում, հիմա նորաձեւության վերջին ճիչն է։ Երբեմն ժամանակակից քաղաքներում հանկարծ անջատում են ինտերնետը կամ լույսը ու պարզվում է, որ մարդիկ կարողանում են լրահոսի ժապավենը թերթել, բայց այնքան էլ չեն կարողանում զրուցել միմյանց հետ՝ առանց հեռախոսը ձեռքներին պահելու։ Այս առումով մեր ֆիլմը գրեթե գոյատեւման ուղեցույց է՝ ինչպես տեղեկատվություն ստանալ, ծանոթանալ, ընկերանալ, սիրահարվել ու ստեղծել սեփական աշխարհը, երբ համակարգիչն ու հեռախոսը անպիտան են դառնում։
– Դրամահավաք եք սկսել ֆիլմն ավարտին հասցնելու համար: Քանի որ մեր ընթերցողները կարող են շահագրգռված լինել մասնակցելու հարցում, պատմիր՝ ինչպե՞ս են վրա են ծախսվելու միջոցները:
– Մենք ուզում ենք, որ ֆիլմն իսկապես ժողովրդական դառնա: Ոչ միայն այն իմաստով, որ շատ մարդ դիտի: Շատերի տանը մինչ օրս պահվում են լուսանկարներ, կասետներ, աֆիշաներ, նամակներ, գուցե տարօրինակ գրառումներ, բեյջեր, նեգատիվներ եւ այլ վկայություններ այն ժամանակի մասին: Ուզում ենք կայք ստեղծել եւ մարդկանց խնդրենք վերբեռնեն այն ամենը, ինչ պահպանվել է իրենց մոտ «Արայիկնոցից» եւ այդ ժամանակվա երեւանյան ռոք-կյանքից: 
Որպեսզի այդ բոլոր լուսանկարները, կասետներն ու հիշողությունները իսկական ֆիլմի վերածվեն, մի քանի ամսվա մեծ աշխատանք պետք է տարվի:
Պետք է տասնյակ հարցազրույցներ անել, նկարահանել ժամանակակից Երեւանը, սքանավորել «Արայիկնոցի» արխիվը, պատրաստել պատկերազարդումներ ու անիմացիոն նյութեր, «կենդանացնել» լուսանկարները եւ այդ ամենը հավաքել մեկ պատմության մեջ: Ցավոք, նույնիսկ ամենաժողովրդական ֆիլմի համար դեռ հնարավոր չէ վճարել միայն նոստալգիայով ու ռոքնռոլի հանդեպ սիրով: Հենց դրա համար էլ մենք գումար ենք հավաքում: Դրամահավաքը բաց կլինի եւս երեք ամիս:
Դրամահավաքին կարող եք միանալ այս հղումով.
https://rearmenia.com/hy/fundraisers/rock-atelier–araiknots?tab=story 
Անդրեյ Այրապետովի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Leave a comment