Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խրախուսում են Արաբական Միացյալ Էմիրություններին ավելի ակտիվ ներգրավվել Իրանի դեմ հակամարտությունում, այդ թվում՝ վերահսկողություն սահմանել Պարսից ծոցի իրանական կղզիներից մեկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփին մոտ կանգնած որոշ անձինք առաջարկել են, որպեսզի ԱՄԷ-ի ուժերը գրավեն Լավան կղզին, որը ապրիլի սկզբին ենթարկվել էր գաղտնի հարձակումների՝ վերագրվող Էմիրություններին։ Ըստ աղբյուրների՝ քննարկվել է տարբերակ, ըստ որի՝ կղզին ամերիկյան ուժերի փոխարեն վերահսկողության տակ կվերցնեն հենց ԱՄԷ-ի զինված ուժերը։
Լավան կղզին գտնվում է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում և համարվում է Իրանի կարևորագույն ռազմավարական ու արդյունաբերական հանգույցներից մեկը։ Այն ներառված է իրանական հում նավթի արտահանման չորս խոշորագույն տերմինալների շարքում և առանցքային դեր ունի երկրի էներգետիկ ենթակառուցվածքում։
The Telegraph-ի հրապարակման ֆոնին տարածաշրջանում աճում են մտահոգությունները, որ Իրանի շուրջ լարվածությունը կարող է տեղափոխվել նոր՝ առավել վտանգավոր փուլ։