Չինաստանից վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կանգնել կարևոր որոշման առաջ՝ վերսկսե՞լ ռազմական հարվածները Իրանի դեմ, թե շարունակել դիվանագիտական գործընթացը։ Այս մասին հայտնում է The New York Times–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի գլխավոր խորհրդականներն ու Պենտագոնի պաշտոնյաները ավարտել են Իրանի դեմ հնարավոր նոր գործողությունների ծրագրերի մշակումը՝ այն դեպքում, եթե փակուղի մտած բանակցությունները վերջնականապես տապալվեն։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական շրջանակներում քննարկվում են մի շարք գործողություններ, որոնք կարող են իրականացվել շատ կարճ ժամկետում։ Խոսքը վերաբերում է ինչպես օդային հարվածների ընդլայնմանը, այնպես էլ հատուկ նշանակության ստորաբաժանումների հնարավոր գործողություններին՝ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների դեմ։
Միաժամանակ, աղբյուրների փոխանցմամբ, Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Դիվանագետները շարունակում են բանակցությունները՝ փորձելով հասնել համաձայնության, որը հնարավորություն կտա վերաբացել Հորմուզի նեղուցը և Վաշինգտոնին թույլ կտա իրավիճակը ներկայացնել որպես հաջողությամբ ավարտված ճգնաժամ։