«Հորմուզը փակ չէ, բայց կա մեկ պայման»․ Իրանը նոր ուղերձ է հղել աշխարհին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ բարեկամ երկրների առևտրային նավերի համար, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ անցումը պետք է համաձայնեցվի իրանական զինվորականների հետ։

ԲՐԻՔՍ-ի արտգործնախարարների գագաթնաժողովից հետո հնդկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արաղչին նշել է․

«Հորմուզի նեղուցը, որքան մեզ հայտնի է, փակ չէ, հատկապես բարեկամ երկրների համար։ Մյուս բոլոր երկրների նավերին պարզապես առաջարկվում է իրենց անցումը համաձայնեցնել մեր զինվորականների հետ»։

Նրա հայտարարությունը հնչում է տարածաշրջանում աճող լարվածության և Հորմուզի նեղուցի շուրջ միջազգային մտահոգությունների ֆոնին։ Այս ռազմավարական ուղին համարվում է համաշխարհային նավթային մատակարարումների կարևորագույն երթուղիներից մեկը, որով անցնում է աշխարհի նավթի զգալի մասը։

Աևաղչին կարծիք  է հայտնել, որ Վաշինգտոնի հետ կնքված հրադադարը, թեև փխրուն է, բայց պահպանվում է, և դա անհրաժեշտ է դիվանագիտական ​​կարգավորման հնարավորություն տալու համար։

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք ներկայումս հրադադար ունենք: Չնայած այն փխրուն է, մենք փորձում ենք պահպանել այն՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու գտնել դիվանագիտական ​​և բանակցային լուծում», – ասել է Իրանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արաղչին կրկին նշել է, որ Իրանին վերաբերող հարցերը ռազմական լուծում չունեն։ Նա հավելել է, որ Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով, եթե Վաշինգտոնը լուրջ մոտեցում ցուցաբերի այս հարցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment