Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Քաղաքականություն

04.02.2026 | 13:07

Երուսաղեմում Իսրայելի և Ադրբեջանի միջև արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը Երուսաղեմում ստորագրել են Իսրայելի արհեստական ​​բանականության ազգային վարչության ղեկավար, գեներալ Էրեզ Էսկելն ու Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ։

Կողմերը ծրագրում են խորացնել համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները՝ օգտագործելով արհեստական ​​բանականությունը։ Գործընկերությունը կներառի գերհամակարգչային ենթակառուցվածքներ, արհեստական ​​բանականության կիրառումը քաղաքացիական կարևոր ոլորտներում, մարդկային կապիտալի զարգացում և համատեղ գիտական ​​հետազոտությունների անցկացում։

«Արհեստական ​​բանականությունն ապագայի գործիք չէ, այլ ներկայի։ Մենք պետք է ապահովենք, որ այս ոլորտում առաջատար երկրների շարքում ենք, և ես հավատում եմ, որ միասին կարող ենք շատ ավելիին և ավելի լավ արդյունքների հասնել»,- ասել է  Իսրայելի վարչապետը։

Միաժամանակ, Բաքվում Իսրայելի դեսպանատունը հաղորդում է, որ Նեթանյահուն հրավիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այցելել Իսրայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment