Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սա դասական քաղաքական հետապնդում է համարում։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Արտակը հրաժարվել է հանրային պաշտպանից ու ցանկություն է հայտնել, որպեսզի ես լինեմ իր փաստաբանը։ Ավետիսյանին ցանկանում են մեղադրանք առաջադրել ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներով, գուցե արդեն առաջադրել են, դեռ չգիտեմ։ Արտակն էլ հեռախոսով ինձ ասաց, որ մեղքը չի ընդունում։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ»,– ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` խուզարկությունը ռեպրեսիվ միջոց է, որպեսզի մարդկանց նեղություն տան։
Ինչ վերաբերում է կալանքի միջնորդության դատական նիստին, ապա փաստաբանը կարծում է, որ այն կարող է նշանակվել այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան։