Երմակը գուշակի է դիմել. ընտրվում է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը նախօրեին լսել է դատախազին, իսկ այսօր կորոշի խափանման միջոցը:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդատվության համար դիմել էր գուշակի և նրան ուղարկել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարների անունները։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նշված հակակոռուպցիոն կառույցները (ստեղծվել են արևմտյան գործընկերների պնդմամբ – խմբ.) մայիսի 11-ին պաշտոնական կասկած են ներկայացրել Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին, ինչպես նաև խուզարկություններ են անցկացրել նրա տանը: Երմակը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

«Երմակը նաև գուշակի հետ քննարկել է Զելենսկու գործող կոալիցիային հակահարված տալու անհրաժեշտությունը», — ասվում է հրապարակումներում:

Իր խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստի մեկնարկից առաջ Երմակը, ում մեջբերում է «Ուկրինֆորմը», ասել է, որ «ինքը շատ թերություններ ունի, բայց ոչ խելքի պակասություն»: Հարցին՝ համարու՞մ է տվյալ գործը քաղաքական, նախկին պաշտոնյան ասել է, որ հիմա չէր ցանկանա դա մեկնաբանել:

Ուկրաինայի դատախազությունը կպահանջի ձերբակալել Անդրեյ Երմակին՝ 4,1 մլն դոլար (180 մլն գրիվնա) գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորությամբ:

Հետաքննության վարկածով՝ 2021-2025 թվականներին կասկածյալներն ավելի քան 460 մլն գրիվնա (գրեթե 8,9 մլն դոլար) են «լվացել» Կիևի մարզի Կոզին գյուղում «Դինաստիա» քոթեջային ավանի կառուցման եղանակով։ Միջոցների մի մասը ստացվել է «Էներգոատոմ» պետական ձեռնարկության կոռուպցիոն սխեմայով։ Տվյալ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 8-12 տարի ժամկետով:

Leave a comment