ՀՀ-ն սկսել է ինքնուրույն որոշումներ կայացնել, դրանից Ռուսաստանը ջղաձգվում է. Դավիթ Ստեփանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դրանով ստեղծվում է կեղծ օրակարգ, ըստ որի՝ Հայաստանին շտապեցնում են ընտրության հարցում, այն դեպքում, երբ այդ ընտրության համար տվյալ պահին ոչ մի հիմք չկա, որովհետև այս պահին Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, բոլոր պայմաններն իրականացվում են, այսինքն՝ որևէ խնդիր չկա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ-ի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով, եթե նույնիսկ հիմա Հայաստանը հայտարարի, որ ԵԱՏՄ-ից դուրս է գալիս, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի դուրս չգա. «Սա իրենց համար էլ է կարևոր, իմիջի հարց է: Սա բլեֆ է, քաղաքական առևտրի փորձ, որը միտված է Հայաստանում մարդկանց նախընտրական նախասիրությունների վրա ազդելուն: Իրենք կարծում են, որ եթե հիմա մեզ ԵԱՏՄ-ի հարցում արագացնում են, ՀՀ-ում կարող են վախեր առաջանալ, իսկ Ռուսաստանի քաղաքականության հիմնասյունը միշտ եղել և մնալու է վախը: Իրենք մեզ տարիներով վախեցնում են, մեզ համեմատում էին 2008-ի Վրաստանի հետ, երբ իրենք համարյա մտան Թբիլիսի, հիմա Ուկրաինայի հետ են համեմատում: Ինչ է նշանակում Ուկրաինայի հետ համեմատություն, ռուսական բանակը պետք է Հայաստա՞ն ներխուժի: Մենք պետք է մեր գործն անենք, իրենք էլ դեռ շատ են խոսելու»:
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Ռուսաստանի հայտարարություններն ու իրական դիրքորոշումը տարբեր բանակցություններում շատ են տարբերվում. «Իրենք այսօրվա դրությամբ մեկ օպերացիոն դաշտ ունեն, դա Ուկրաինայի ռազմաճակատն է, որտեղ արդեն մի քանի տարի է նույն գծի վրա կանգնած են»:
Ինչ վերաբերում է հիմա ՀՀ-ի ՌԴ-ից կախվածությանը՝ քաղաքագետն ընդգծեց. «ՀՀ-ն այս պահին ՌԴ-ից ունի տնտեսական կախվածություն և դա պետք է հաղթահարել, մինչև մենք այդ կախվածությունից չազատվենք, իրենք շարունակելու են մեզ շանտաժի ենթարկել ու վախեցնել: Իսկ ռազմաքաղաքական հարթությունում այդ կախվածությունն անգամներով նվազել է, ամենակարևորն այն է, որ Հայաստանը սկսել է կայացնել ինքնուրույն որոշումներ, դրանից են իրենք ջղաձգվում»:
Ըստ Ստեփանյանի՝ ՌԴ-ում էլ են գիտակցում, որ Փաշինյանը կվերընտրվի, բայց դա չի նշանակում, որ չեն փորձելու այնպես անել, որ նա չվերընտրվի: Քաղաքագետը նաև նկատեց, որ նրանց պլան մաքսիմումն իշխանափոխությունն է, իսկ պլան Բ-ն, որ իրենց հինգերորդ շարասյունը դառնա հիմնական ընդդիմություն:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի վերականգնման հավանականությանը՝ Ստեփանյանը նշեց. «Հավանականությունը մեկն է՝ եթե ընտրություններում իրենք իշխանություն կազմեն, դա այս պահին Ռուսաստանի ձեռքի միակ գործիքն է: Այդ գործիքի էֆեկտիվությունը կախված է մեր ժողովրդից, եթե մեր հասարակությունն ուզում է, որ մենք նորից վերադառնանք այն ոչ վաղ անցյալին, երբ մենք որոշումներ չէինք կայացնում, երբ մեր փոխարեն որոշումները կայացնում էին Մոսկվայում, դա բերեց պատերազմի, դա բերեց Արցախի կորստի և 4000 մահի, եթե մենք ուզում ենք այդ ամեն ինչը մեզ հետ կրկնվի, ուրեմն պետք է ընտրենք պրոռուսական ուժերին, դա ո՛չ Մոսկվայից է կախված, ո՛չ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, դա կախված է բացառապես մեզնից: Պետք է հասկանանք՝ ինչի միջև է մեր ընտրությունը, մեր ընտրությունն ինքնիշխանության և ստրկության միջև է»: