«ԵՄ-ն փորձում է Ռուսաստանը Հայաստանում «թշնամու» կերպարով ներկայացնել»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել է, որ Եվրոպայում փորձում են տպավորություն ստեղծել, թե Մոսկվան դեմ է անկախ Հայաստանի կայացմանը։

«Մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ Երեւանի առաջխաղացումն այսպես կոչված եվրոպական ուղիով ինչ-որ պահի կարող է համակարգային փոփոխությունների հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում։
Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը», – ասել է Կալուգինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
«Տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն դրա համար փորձում օգտագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետությունում արդեն ծավալվել են երկու առաքելություններ՝ նրանց նման, որոնք գործի էին դրվել Մոլդովայում։
Եվրոպացի «մասնագետները» ձգտում են Ռուսաստանից թշնամու կերպար «կերտել»:  Ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»։ Անհիմն կերպով մեղադրում են մեր երկրին «հիբրիդային հարձակումների» եւ հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ, թեեւ սեփական խորը ներգրավվածությունն այդ գործերում այդպիսին չեն համարում», – նշել է ռուս դիվանագետը։

Leave a comment